Վաշինգտոնն ուզում է դառնալ Հարավային Կովկասում գլխավոր մեդիատորը, որը պատրաստ չէ որևէ մեկի հետ իր ազդեցությունը կիսել. Խոսրով Հարությունյան
ՔաղաքականՌԴ նախագահն իր երեկվա ելույթում սեղծված իրավիճակի պատասխանատվությունը թողեց բացառապես հայ ժողովրդի և Հայաստանի իշխանությունների վրա: Նա պարզ ասաց՝ ընտրությունը ձերն է, ինչ ընտրություն անեք, մենք այդ ընտրության հետ կհամաձայնվենք: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը՝ անդրադառնալով ՌԴ նախագահի երեկվա հայտարարություններին:
Խոսրով Հարությունյանի տպավորությամբ՝ Պուտինը երեկ ակնարկեց, որ եթե հայաստանյան իշխանությունները որոշել են ձեռքերը լվալ Արցախից, կամ Հայաստանի ժողովուրդը գտնում է, որ Արցախն ինչ-որ կարգավիճակով կամ առանց կարգավիճակի պետք է գտնվի Ադրբեջանի կազմում, ապա ինքը ոչինչ չի կարող անել.
«Ես բացարձակապես հիացած չեմ Հայաստանի հանդեպ Ռուսաստանի վարած քաղաքականությամբ, բայց, այդուհանդերձ, մենք նախ մեզ պետք է նայենք ու մեր մեջ փնտրենք բոլոր խնդիրների լուծումները: Հայաստանի իշխանություններն ասում են՝ 44-օրյա պատերազմից հետո որևէ ռեսուրս չունենք՝ Արցախի անվտանգության համար պատասխանատվությունը ստանձնելու համար: Մենք պետք է հասկանանք՝ իսկ ո՞րն է մեր պատասխանատվությունը , մենք չենք կարող ոչինչ չանել և ուրիշներից բաներ պահանջել, այդպես չի լինում»,-ասաց ՀՀ նախկին վարչապետը:
Խոսրով Հարությունյանը շեշտում է՝ ցանկացած դեպքում բացառված է արցախահայության խաղաղ գոյակցությունն Ադրբեջանի կազմում. «Սա բազմիցս ապացուցել են ադրբեջանցիները՝ իրենց հայատյացությամբ, Բաքվով, Սումգայիթով 44-օրյա պատերազմով, գերիների գնդակահարությամբ, ուստի արցախահայությունը ունի իրավունք՝ իր ինքնորոշման իրավունքը պաշտպանելու »,-ասաց Հարությունյանը:
Հարցին՝ հնարավո՞ր է Նիկոլ Փաշինյանը հրաժարվի «վաշինգտոնյան փաստաթղթից», Խոսրով Հարությունյանը դժվարացավ պատասխանել. «Իրադարձություններն այնպես են զարգանում կանխատեսումներ անելու համար։ Մի բան հստակ է, որ Վաշինգտոնը Հարավային Կովկասում լրջագույն դերակատարություն ստանձնելու կուրս է վերցրել։ Վաշինգտոնն ուզում է դառնալ Հարավային Կովկասում գլխավոր մեդիատորը, որը պատրաստ չէ որևէ մեկի հետ իր ազդեցությունը կիսել` ո՛չ Թուրքիայի հետ, ո՛չ Ռուսաստանի, ո՛չ Իրանի հետ»,– ասաց ՀՀ նախկին վարչապետը։