ՀԱՕԿ-ը որոշում է կայացրել հրաժարվել ճոխ տոնական միջոցառումներից և մարզիկների պարգևատրումները կատարել առավել զուսպ պայմաններում
Սպորտ2022 թվականը բացառիկ հաջող էր հայ մարզիկների համար։ Բոլոր տարիքային խմբերում, տարբեր մարզաձևերում, Հայաստանը վերահաստատեց իր տեղը աշխարհի ուժեղագույն պետությունների շարքում։ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն հայտարարություն է տարածել.
«Սա մեր ընդհանուր ձեռքբերումն է, մեր ընդհանուր հպարտությունը։
Եվրոպայի և աշխարհի առաջնություններում պատանեկան և երիտասարդական հավաքականների ներկայացուցիչները կստանան արժանի վաստակին համապատասխան խոշոր դրամական պարգևներ։
ՀԱՕԿ-ը, հաշվի առնելով Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը և մեր քաղաքացիների անկեղծ ապրումները, որոշում է կայացրել՝ այս տարի հրաժարվել ճոխ տոնական միջոցառումներից և մեր մարզիկների պարգևատրումները կատարել առավել զուսպ պայմաններում։
Այս որոշումը կայացրել ենք մարզաշխարհի հեղինակավոր ներկայացուցիչների հետ՝ խորհրդակցությունների արդյունքում։
Վստահ ենք, որ որոշումը ճիշտ կընկալվի մարզաշխարհի, մարզասերների և հանրության կողմից։
Մենք համոզված ենք, որ հաղթանակների, մարզական և ազգային արժանապատվության մեր լավագույն օրերը առջևում են, և առաջիկայում կունենանք նորանոր առիթներ՝ մեծ շուքով նշելու մեր հաղթանակները»,-ասված է հայտարարության մեջ։