ԱՄՆ-ն և Արևմուտքը չեն կարողանա պառակտել Իրանի ժողովրդին. Ռաիսի
ԻրանԻրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին մեղադրել է ԱՄՆ-ին և արևմտյան երկրներին Իրանում հակակառավարական ցույցերը հրահրելու մեջ՝ տարածելով լուրեր և ապատեղեկատվություն։ Ինչպես չորեքշաբթի հայտնել է Al-Alam հեռուստաալիքը, այս մասին նա հայտարարել է Թեհրանում 1980-1988 թվականների իրանաիրաքյան պատերազմի վետերանների հետ հանդիպմանը։
«Իսլամական հեղափոխության թշնամիները, կեղծիքներ տարածելով, չեն կարողանա հասնել իրենց նպատակներին և պառակտել Իրանի ժողովրդին»,- ասել է Ռաիսին։ «Նրանք մեր երեխաներն են, և բոլոր նրանց, ովքեր խաբվել են, հայրենիքը կվերցնի գիրկը, բայց դավաճաններին ողորմություն չի լինի»։
Նախագահի խոսքով, սեպտեմբերի կեսերին Իրանում բռնկված անկարգությունները կազմակերպելու մեջ ներգրավված են եղել «կեղծավորները, միապետներն ու հակահեղափոխականները, այսինքն՝ բոլոր նրանք, ովքեր ընդդիմանում էին իսլամական հանրապետությանը»։
Իրանի դատախազությունը դեկտեմբերի 26-ին հայտնել է, որ Թեհրանում ցուցարարների 83%-ը, որոնք նախկինում ձերբակալվել են ոստիկանության և անվտանգության ուժերի կողմից, ազատ են արձակվել։ Tasneem գործակալության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ «վերջին երեք ամիսների ընթացքում անկարգությունների մասնակիցների գործերով զբաղվող դատավորները 2239 այցելություններ են կատարել բանտում և առերես հարցազրույցներ անցկացրել բանտարկյալների հետ»:
Միացյալ Նահանգները դեկտեմբերի 26-ին կոչ է արել Իրանին անվերապահորեն ազատ արձակել բոլոր ցուցարարներին։ Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը շեշտել է, որ «խոսքը բոլոր այն մարդկանց մասին է, ովքեր ազատազրկված են Իրանում՝ խաղաղ ճանապարհով իրենց ազատությունները պաշտպանելու համար»։