«Միրզոյանին ու Բայրամովին ԱՄՆ-ում մեկուսացրել են. ասում են` մինչև դուրս չգաք փաստաթղթի վրա, որևէ մեկը այստեղից չի հեռանալու»
Քաղաքական

ԱՄՆ-ում տեղի ունեցող քննարկումների, դրանց սպասվելիք արդյունքների ու հնարավոր հետևանքների շուրջ ԼՈՒՐԵՐ․com-ը զրուցել է քաղաքագետ Վիգեն Հակոբյանի հետ։
-Այս օրերին ԱՄՆ-ում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև ընթանում են բանակցություններ։ Որքանո՞վ եք հավանական համարում բանակցությունների արդյունքում որևէ փաստաթղթի ստորագրումը։
-Երեկ տեղի ունեցած հանդիպումը միակը չէ, ԱՄՆ-ում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև հանդիպումների շարք է տեղի ունենալու, որը, մոտավորապես, մեկ շաբաթ է տևելու։ Կողմերը դետալներով քննարկելու են ապագա խաղաղության պայմանագրի ճանապարհային քարտեզը և, ամենայն հավանականությամբ, ժամկետներ։ Եթե խոսքը վերաբերում է ճանապարհային քարտեզին, ապա կարծում եմ, որ ավելի դետալային է, ավելի բարձր է կարգավիճակը, քան շրջանակային պայմանագիրը, բայց դեռևս խաղաղության պայմանագիր չէ։ Այսինքն, կողմերը Վաշինգտոնում լինելու են այնքան ժամանակ, որպեսզի դետալները մանրամասն ճշտեն և ԱՄՆ-ն խնդիր է դրել նրանց առաջ, որ Վաշինգտոնից հեռանան ինչ որ թուղթ ստորագրած։ Կողմերին մի տեղ մեկուսացրել են և ասում են մինչև դուրս չգաք փաստաթղթի վրա, որևէ մեկը այստեղից չի հեռանա։ Այս բանակցություններից հետո հավանաբար ավելի բարձր մակարդակով հանդիպում կլինի Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի միջև և վերջնական արդեն կստորագրվի այդ խաղաղության պայմանագիրը։
-Ի՞նչ սպասելիքներ ունեք բանակցություններից, արդյոք հնարավոր եք համարում հայանպաստ որևէ կետ հնարավոր ստորագրվելիք փաստաթղթում։
-Կարծում եմ՝ փաստաթուղթը շատ կանխատեսելի է, դրա մասին Նիկոլ Փաշինյանը բազմիցս ասել է, խոսքը վերաբերում է Արցախի՝ արդեն դե յուրե հանձնման մասին։ Այնտեղ նույնիսկ կասկած չկա, քանի որ ՀՀ իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ ընդունում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ակնկալելով, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունն էլ կընդունի Ադրբեջանը․ խոսքը 29,8 հազար քառակուսի կմ-ի մասին է։ Այսինքն, որևէ հայանպաստ կետ այդ փաստաթղթում ակնկալել չի կարելի։
- Վերջին օրերին ակտիվորեն շրջանառվում է ազգային փոքրամասնությունների հարցը։ Ադրբեջանն այս հարցում և՞ս ակնկալիքներ ունի։
-Եթե խոսքը գնում է արդեն երկու երկրներում ազգային փոքրամասնությունների հարցի մասին՝ սա նշանակում է, որ ադրբեջանցիները բարձրացնում են նաև ադրբեջանցի փախստականների վերադարձի հարցը նաև Հայաստանի տարածք, ովքեր որ Արցախյան շարժման ընթացքում լքել էին մեր երկիրը։ Մասնավորապես, Սյունիքի տարածքին, Վարդենիսի տարածքին։ Ամենայն հավանականությամբ, Ադրբեջանին հաջողվել է մտցնել այդ դրույթը, որ եթե Հայաստանը դնում է Արցախի հայերի իրավունքների և անվտանգության խնդիրը, ապա Ադրբեջանն էլ համարելով, որ Արցախի հայերը Ադրբեջանի ազգային փոքրամասնության հայերն են, ապա ինքն էլ դնում է հարց, որ փաստաթղթում պետք է լինի նաև ադրբեջանցի փախստականների իրավունքի և անվտանգության երաշխիքները արդեն Հայաստանի տարածքում։ Կարծում եմ՝ բացի այս հարցը, կքննարկվի նաև անկլավների հարցը, դեմարկացիայի և դելիմիտացիայի հարցը։
- ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Պեսկովը անդրադարձել էր այս հանդիպմանը՝ ընդգծելով, որ կողմերը կարող են ցանկացած համաձայնության գալ, որը չի հակասի 2020թ-ի նոյեմբերի 9-ի փաստաթղթին։ Ռուսական կողմը մտավախություն ունի՞, որ գործընթացները դուրս կգան իր վերահսկողությունից։
-Այդտեղ պարզ ակնարկներ կան, որ Մոսկվան բավականին վատ է վերաբերում դրան, որ իր ձեռքից եռակողմ համաձայնության պրոցեսը տանում են։ Պեսկովի խոսքում ակնարկ կա, որ ռուսներն ամեն դեպքում չեն թողնելու, որ ամերիկացիները իրենց տակից այդ համաձայնագիրը տանեն, քանի որ, եթե համաձայնագիրը տարան՝ դա նշանակում է, որ նաև ռեգիոնում նախաձեռնությունը իրենց ձեռքն են վերցնում։ Ռուսները իրենց բազմիմաստ քաղաքականությամբ հասել են այն մակարդակի, որ իրենց քթի տակից գործընթացը տարան։
- ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը երեկ հայտարաեց, որ նախնական պայմանավորվածություն կա Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպում Ռուսաստանում կազմակերպելու մասով։ Արդյոք այս հայտարարությամբ հայկական կողմը ցանկանում էր շեշտել, որ ամեն դեպքում Ռուսաստանը գործընթացներից դուրս չէ, թե՞ փաստաթղթի վերջնագիրն է այնտեղ տրվելու։
-Կարծում եմ՝ եթե ռուսական կողմից ճնշումն այնպիսին լիներ, որ կարողանար ռադիկալ ազդեցություն ունենալ Հայաստանի իշխանությունների վրա, ապա Հայաստանի իշխանությունները հակառակ ալգորիթմով կշարժվեին։ Այդ հանդիպումը սկզբում տեղի կունենար Մոսկվայում, այնտեղ այդ աշխատանքները կտարվեին, բազային մակարդակի ճանապարհային քարտեզը կնախանշվեր, հետո նոր պատրաստի փաստաթղթով կգնային Վաշինգտոն, կասեին այս փաստաթուղթը ունենք, արդեն պայմանավորվել ենք։