Բաքուն ու Երևանը խաղաղության շեմին են. Բայրամով
Արտաքին Քաղաքական

Ադրբեջանն ու Հայաստանը «խաղաղության շեմին են»։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ ելույթ ունենալով Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) մշտական խորհրդի արտահերթ նիստում, հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը, գրում է ՏԱՍՍ-ը։
«Շուրջ երեսուն տարվա զինված հակամարտության ավարտով և անկախության վերականգնումից հետո առաջին անգամ երկու երկրների կողմից ստանձնած պարտավորություններով՝ հարգելու միմյանց ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և միմյանց սահմանների անձեռնմխելիությունը, Ադրբեջանն ու Հայաստանը խաղաղության շեմին են»,- ասել է Բայրամովը։
Նա ընդգծել է, որ Ադրբեջանը ակտիվորեն աշխատում է Հայաստանի հետ կայուն խաղաղություն ապահովելու համար։ Նրա խոսքով՝ վերջին մի քանի շաբաթների ընթացքում Վաշինգտոնում, Բրյուսելում, Մոսկվայում և Քիշնևում կայացած բանակցությունները «հնարավորություն են տվել ավելի լավ հասկանալու կողմերի դիրքորոշումները»։
Ինչպես հայտնել ենք, Բայրամովն ավելի վաղ հայտարարել էր, որ Բաքուն սպասում է՝ Երևանը քաղաքական կամք դրսևորի՝ խաղաղության պայմանագրի 3 ոլորտներում տարաձայնությունները լուծելու համար։ «Տարաձայնությունները վերաբերում են Ադրբեջանի տարածքում հայ զինվորականների անօրինական ներկայությանը, Ադրբեջանի ներքին գործերին միջամտելուն, Ղարաբաղյան տարածաշրջանի հայ բնակիչների հետ երկխոսության խոչընդոտմանը»,- ասել էր Բայրամովը։