Ադրբեջանը պարտադրում է, որ Հայաստանը բանակ չունենա․ Սեյրան Օհանյան
ПолитическиеAzerTAc պետական լրատվական գործակալությունը օրերս հայտնել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի աշխատակազմի արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևն Ադրբեջանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Շրիդարան Մադհուսուդհանանի հետ հանդիպման ժամանակ մտահոգություն է հայտնել Հայաստանի և Հնդկաստանի միջև ռազմական համագործակցության խորացման վերաբերյալ։
Մասնավորապես, Հաջիևն ասել է, որ մամուլում վերջերս տեղ գտած հրապարակումները, որոնց համաձայն՝ «Իրանի տարածքով հնդկական արտադրության զենք է ուղարկվում Հայաստան, անհանգստություն են առաջացրել ադրբեջանական կողմի համար»։
Ըստ նրա՝ զենքի մատակարարումն այն ժամանակաշրջանում, երբ հայ-ադրբեջանական բանակցություններ են տեղի ունենում խաղաղության վերաբերյալ, նպաստում է Հայաստանի ռազմականացմանը և սրում է իրավիճակը, ինչպես նաև խոչընդոտում է Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն խաղաղության և անվտանգության հաստատմանը:
ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում, անդրադառնալով այս թեմային, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը ասաց, որ այժմ Ադրբեջանը, լինելով ագրեսոր, փորձում է հայկական կողմին պարտադրել տարբեր գործիքներ` տեղահանումներ, էթնիկ զտումներ ինչպես նաև պարտադրում է, որպեսզի պարտվող կողմը բանակ չունենա․
«Տարիներ ի վեր Ադրբեջանը ունեցել է պարտվածի հոգեբանություն։ Արցախյան առաջին ազատամարտի ժամանակ, պարտություն կրելով հայկական կողմից, արցախյան ՊԲ-ի կողմից գտնվել է անընդհատ թելադրանքի, պարտադրանքի տակ։
Այդ ժամանակահատվածում պարտադրողը եղել է Հայաստանը, Արցախի Հանրապետությունը, և հիմա, այդ հոգեբանությունից դուրս գալով, 2020թ․-ի պատերազմից հետո ինքը փորձում է անընդհատ ճնշումներ գործադրել հայկական կողմի վրա։ Ադրբեջանը, լինելով ագրեսոր, իր ամբողջ պատմության ընթացքում միշտ սադրել է, հրահրել մարտական գործողություններ և′ մինչև Խորհրդային Միությունը, և′ Խորհրդային Միության ժամանակ։ Հայ-ադրբեջանական հարաբերություններում Ադրբեջանը մշտապես փորձել է քարի և մահակի պատերազմ մղել հայ ժողովրդի նկատմամբ»,-նշեց նա։
Օհանյանի խոսքով` Ադրբեջանը, խաղաղության օրակարգը առաջ քաշելուն զուգահեռ, այսօր իր զինված ուժերը ավելացնում է, արագ տեմպերով սպառազինվում է, միջազգային տարբեր ռազմական համագործակցության շրջանակներում տարբեր երկրներից սպառազինություն և ռազմական տեխնիկա է գնում, արագ տեմպերով ավելացնում է իր հատուկ նշանակության ստորաբաժանումների, զորամասերի քանակը, ընդ որում՝ այն տարածքներում, որոնք պատմական հայկական տարածքներ են, օրինակ՝ Հադրութի զորամասի տարածքում իրենք հատուկ նշանակության զորամաս են ստեղծել․
«Ադրբեջանի կողմից խաղաղության օրակարգը կեղծ օրակարգ է, թուրք-ադրբեջանական խաբկանք է՝ հայկական կողմի նկատմամբ»,-ասաց Սեյրան Օհանյանը։
Հիշեցնենք, որ հնդկական DNA առցանց պարբերականը գրել էր, որ Հայաստանը բանակցություններ է վարում Հնդկաստանից անօդաչու թռչող սարքեր և այլ զինատեսակներ գնելու վերաբերյալ:
Ըստ հնդկական լրատվամիջոցի՝ հունիսին այդ նպատակով Պաշտպանության նախարարությունը ներկայացնող պատվիրակություն է մեկնել Հնդկաստան և հանդիպել հնդիկ գործընկերների հետ։
Ըստ պարբերականի հրապարակման՝ 2020թ. Հայաստանը 40 մլն դոլարի գործարք էր կնքել Հնդկաստանի հետ՝ հնդկական SWATHI ռադարներ գնելու վերաբերյալ։
Լիլիթ Զալիբեկյան