Երևանի ավագանու ընտրություններին մասնակցության նպատակը ամբողջական իշխանափոխությունն է․ «Մայր Հայաստան» շարժում
Քաղաքական«Մայր Հայաստան» շարժումը որոշել է մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին։ Այս մասին ուղերձի միջոցով հայտնել է շարժման նախաձեռնող խմբի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը։
ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում շարժման անդամ Ավետիք Իշխանյանը նշեց, որ մասնակցության միակ նպատակը Երևանի ավագանու ընտրություններին ամբողջական իշխանափոխությունն է։
Նրա խոսքով՝ իրենք գործ ունեն ոչ թե մրցակցի, այլ, մեղմ ասած՝ հակառակորդի հետ, հանձին ՔՊ կոչվող 5-րդ շարասյան, իսկ հաղթանակ կհամարեն ցանկացած իրական ընդդիմադիր ուժի հաղթանակը․
«Այն «քաղաքական» միավորները, որոնք մասնակցելու են Երևանի ավագանու ընտրություններին՝ ասելով, որ իրենք պայքարում են ընդդիմադիր քաղաքապետ ունենալու համար, խաղում են Փաշինյանի խաղի կանոններով։ Երևանի քաղաքապետ միշտ «ընտրվել» է իշխող կուսակցության թեկնածուն։ Նշեմ նաև, որ վարչապետը չի հանդուրժում որևէ համայնքի, բուհի, գիտական հիմնարկի, թատրոնի իրեն ոչ հպատակ լինելը։ Եվ չնայած, որ հատկապես Երևանում վարչապետի վարկանիշը զրոյական է, նա գործի է դնելու ողջ իշխանական, վարչական և ֆինանսական ռեսուրսները տարաբնույթ կեղծիքներ կիրառելու համար»,- ասաց նա։
Իշխանյանը մեզ հետ զրույցում կանխատեսումներ արեց՝ նշելով, որ ԿԸՀ նախագահը ընտրությունների օրվա երեկոյան կհայտարարի, որ ՔՊ-ն հավաքել է 65% ձայներ և անիմաստ կլինի դիմել իր բնորոշմամաբ գրպանային դարձած ՍԴ։
Նա նշեց, որ «Մայր Հայաստան» շարժումը պետք է ունենա հստակ, վճռական ծրագիր ոչ միայն նախընտրական, այլև հետընտրական շրջանի համար․
«Մայր Հայաստան» շարժումը կոլեգիալ մարմին է և Անդրանիկ Թևանյանը իրականացնում է շարժումը համակարգողի գործառույթները։ Լուրջ, վճռական պայքարի ժամանակ անհրաժեշտություն կառաջանա հրատապ որոշումների կայացման, այն է՝ վճռական առաջնորդի, և համոզված եմ, որ պայքարի ընթացքում կծնվի նաև նման վճռական առաջնորդ»,-եզրափակեց մեր զրուցակիցը։
Լիլիթ Զալիբեկյան