Նոր արված ասֆալտի վրա օրերով գծանշում չկա ու գիշերները դրանք դառնում են կյանքի համար խիստ վտանգավոր. Զոհրապ Եգանյան
ԲլոգոսֆերաԶոհրապ Եգանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Շաբաթ ուշ գիշեր հետ էի վերադառնում Գավառից, ճանապարհին շատ պարեկներ կային ու շատ բեռնատարներ, որոնց զգալի մասը լուսարձակների խնդիրներ ունեն: Կամ վառվում են հին սովետական բեռնատարների միայն դիմային երկու լուսարձակները (սա լավագույն դեպքում), կամ հետնամասում միայն մեկը կամ ընդհանրապես չկան: Կարճ ասած` մեքենաները չեն երևում, էլ չեմ ասում, որ ՊԱԶ մակնիշի մեքենաները գազով երթևեկելիս դժվար են տեղաշարժվում, բարձրանում են երևի 10-20կմ\ժ արագությամբ: Պարեկները չեն տեսնում նման խնդիրները, տեխզննման կենտրոնները չեն տեսնում, ակնհայտ խնդիրները ճանապարհներին ոչ ոք չի նկատում: Այս մասին գրում եմ տարիներ շարունակ, ոչինչ չի փոխվում, էլ չեմ խոսում լուսավորության ու գծանշումների բացակայության մասին: Նոր արված ասֆալտի վրա օրերով գծանշում չկա ու գիշերները դրանք դառնում են կյանքի համար խիստ վտանգավոր: Հարգելի դատախազություն, գիշերվա ողբերգական դեպքը գոնե առիթ լինի, որպեսզի ուշադրություն դարձնեք աշխարհում վաղուց լուծված ու տարրական այս խնդիրներին: Զոհերի ընտանիքներին ցավակցություններս, բան չկա էլ ասելու»,- գրել է նա: