Ձեր աշխատասենյակներից դուրս նայեք, տեսեք՝ ինչ է կատարվում մեր հայրենիքի հետ. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն
ՔաղաքականՓողոցային պայքարը բարդ է ու վտանգավոր, հիմնական ուժը երիտասարդությունն է, ով այն մղում է, գնում զրկանքների, ինչ-որ տեղ անգամ զոհողության` բաղձալի նպատակին հասնելու համար: Այս մասին հայտարարություն է տարածել ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը:
Հայտարարությունում նաեւ ասվում է. «Շարժման կազմակերպիչ և ղեկավար ուժը կոմիտեն է, որն արտահայտում է ընդդիմադիր տարբեր ուժերի ընդհանուր դիրքորոշումը:
Նիկոլ Փաշինյանը և իր թիմը, որպես քաղաքական ուժ, պարզապես իշխանություն չեն պահում: Նրանք իրենց կյանքն են փրկում` համոզված լինելով, որ ենթադրյալ հանցանքի համար պատասխան են տալու: Հետևաբար պայքարն անզիջում է լինելու: Արդունքում երկիրը վերջնականապես վերածվելու է կամ «ժողովրդավարության բաստիոնի» դիմակով բռնապետության, կամ մաքրվելու է ու սկսվելու է լրիվ այլ արժեհամակարգով վերականգնման գործընթաց:
Սրա համար էր, որ մենք հորդորում էինք միավորվել ու գնալ քաղաքապետի ընտրության: Դա ռեալ շանս էր հաղթելու, քանի որ պայքարը լինելու էր լեգալ, գաղտնի, նվազ վտանգավոր, մասնակիցն էլ լինելու էինք բոլորս: Ի՞նչն էր խանգարում այդ նույն կոմիտեն ձևավորել այն ժամանակ ու միասին հանդես գալ, օրինակ, Անդրանիկ Թևանյանի դեմքով: Այդպես չարվեց, քանի որ շատ են անպատասխան հարցերը, շատ են նեղ անձնական շահերը:
Հաղթանակի գրավականն ազնիվ ու համատեղ պայքարն է, որը գոնե այսօր ռեալ է դառնում, քանի որ բոլորին միավորում է ոչ թե անձնական շահը, այլ չթուրքանալու, չնվաճվելու ռիսկը և բնաջնջման վտանգի մեջ գտնվող մեր հայրենակիցներին մենակ չթողնելու ամոթը` խարան, որից երբեք չենք մաքրվելու թե՛ ներսում և թե՛ դրսում: Դառնալով քաղաքական իշխանությանը` նրա խնդիրն ու միտումը պարզ են:
Փոխարենը պարզ չէ, թե ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյան և ՆԳՆ նախարար Վահե Ղազարյան, ի՛նչ մոտիվացիայով եք մտնում նման ծանր բեռան տակ: Չէ՞ որ ի սկզբանե անտեղյակ եք եղել օրվա իշխանության աշխարհաքաղաքական պլաններից, ըստ էության կապ չունեք ոչնչի հետ: Ծառայում են Հայրենիքին, այլ ոչ իշխանությանը, որքան էլ այն բարեհաճ թվա: Ձեր աշխատասենյակների պատուհաններից դուրս նայեք, տեսեք թե ի՛նչ են անում մեր ժողովրդի ու հայրենիքի հետ: