Toyota Camry-ն «Արքայաձոր» ռեստորանի մոտ բախել է արտաքին լուսավորության երկաթե սյանը
Արտակարգ ՊատահարԱյսօր՝ փետրարի 27-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 46-ամյա Վահան Ա.-ն իր վարած Toyota Camry մակնիշի ավտոմեքենայով Մյասնիկյան պողոտայում «Արքայաձոր» ռեստորանային համալիրի դիմաց դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին և առաջ ընթանալով բախվել արտաքին լուսավորության երկաթե սյանը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ:
Տեղում ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ պարեկ Արմեն Խալաթյանը, պարեկներ Արթուր Մուրադյանն ու Լուսինե Պետրոսյանը:
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան հաշվառված է «Գազպրոմ Արմենիա» ՓԲ-ի հաշվեկշռում: