Եվրաինտեգրման գաղափարով սկսվում է Հայաստանի՝ դե ֆակտո «վիլայեթացման» գործընթացը․ Դավիթ Անանյան
ԲլոգոսֆերաՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որտեղ, մասնավորապես, ասվում է․
«Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը մի քանի օր առաջ Անթալիայում կայացած դիվանագիտական ֆորումի ժամանակ «իր մտքերն» է արտահայտել Հայաստանի եվրաինտեգրման հեռանկարների վերաբերյալ՝ զուգահեռաբար ընդգծելով Թուրքիայի հնարավոր դերն այս ճանապարհին։
Նրա ելույթի մեջ ընդգծվում է, որ Թուրքիան, որպես Հայաստանի և Վրաստանի հարևան երկիր, ինչպես նաև Ադրբեջանի հետ սերտ կապեր ունեցող երկիր, բացառիկ հնարավորություն ունի նպաստելու Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության հաստատմանը և տարածաշրջանում իր ազդեցության ամրապնդմանը («Անկարան կարող է հզոր խթան հաղորդել հարավային կովկասում կայուն վիճակի հաստատմանը և ամրացնել իր դերը որպես տարածաշրջանում առաջատար պետություն»)։
Այս հայտարարությունը կարելի է մեկնաբանել որպես հստակ ազդակ Արեւմուտքից Հարավային Կովկասի երկրներին, բնականաբար, առաջին հերթին Հայաստանին, աշխարհաքաղաքական այլընտրանքների՝ Ռուսաստանի և Թուրքիայի միջև ընտրության վերաբերյալ։
Այսինքն՝ եվրաինտեգրման գործընթացից մեր ակնկալիքները՝ կապված եվրոպական կառույցների հետ խորը տնտեսական, դիվանագիտական և ռազմական ինտեգրման հետ, ըստ էության, իրենից ներկայացնում է վասալային կախվածություն Թուրքիայի ռազմավարական առաջնահերթություններից։
Փաստորեն, ԵՄ հատուկ ներկայացուցչի արտահայտած եվրաինտեգրման գաղափարը կարելի է դիտարկել որպես Հայաստանի դե ֆակտո «վիլայեթացման» գործընթաց՝ դե յուրե նոմինալ ինքնիշխանության պատրանքի պահպանմամբ»։