Թալիբները հայտարարել են, որ թույլ չեն տա, որպեսզի Թուրքիան զորքեր ուղարկի Աֆղանստան
Համաշխարհային Մամուլ«Թալիբան» արմատական շարժումը թույլ չի տա Թուրքիային իր զորքերն ուղարկել Աֆղանստան: Այս մասին ասել է շարժման պաշտոնական խոսնակ Զաբիուլլահ Մոջահիդը:
«Մենք արդեն մերժել ենք Թուրքիայի դիրքորոշումը և հայտարարել ենք, որ Աֆղանստանից Միացյալ Նահանգների ռազմական անձնակազմի դուրսբերումից հետո մենք ոչ մի պատրվակով թույլ չենք տա այլ օտարերկրյա ուժերի մնալ այս երկրում: Մենք դեմ ենք Թուրքիայի որոշմանը: Մենք թույլ չենք տա Թուրքիային լինել Աֆղանստանում», - հաղորդում է աղբյուրը:
Ինչպես հայտնի է, Աֆղանստանում առճակատում է ընթանում կառավարական զորքերի և «Թալիբան» շարժման գրոհայինների միջև, որոնք զգալի տարածքներ են գրավել գյուղական վայրերում և նախահարձակ գործողություններ են իրականացնում մեծ քաղաքների դեմ: Աֆղանստանում անկայունությունն աճում է ԱՄՆ վարչակազմի խոստումների ֆոնին առ այն, որ մինչև սեպտեմբերի 11-ը կավարտվի զորքերի դուրսբերումը Աֆղանստանի հողերից: 2020 թվականին Վաշինգտոնը և «Թալիբանը» Դոհայում ստորագրեցին ավելի քան 18 տարվա պատերազմի առաջին խաղաղ համաձայնագիրը: Այն նախատեսում է 14 ամսվա ընթացքում Աֆղանստանից օտարերկրյա զորքերի դուրսբերումը և գերիների փոխանակումից հետո միջաֆղանական երկխոսության մեկնարկը: