ԱՀԿ-ն զգուշացնում է աշխարհում կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի տարածման բարձր ռիսկի մասին
Համաշխարհային ՄամուլԱռողջապահության համաշխարհային կազմակերպությունը COVID-19֊ի «օմիկրոն» շտամի հետագա տարածման հավանականությունը շատ բարձր է գնահատել համաշխարհային մակարդակով, հայտնում է РИА Новости-ն։
Մի քանի օր առաջ գիտնականները հայտնել են, որ Բոտսվանայում և Հարավային Աֆրիկայում հայտնվել է կորոնավիրուսի B.1.1.529 շտամ, որը պարունակում է S-սպիտակուցի 32 մուտացիա։
Ըստ հետազոտողների՝ վարակի գենոմի նոր փոփոխություններից շատերը վկայում են այս տարբերակի բարձր փոխանցելիության և հիվանդների և պատվաստվածների պաշտպանիչ հակամարմինների նկատմամբ դիմադրողականության մասին:
Նոյեմբերի 26-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը արտակարգ հանդիպման ժամանակ ճանաչեց B.1.1.529-ը՝ որպես «մտահոգիչ» և այն անվանեց «omicron»՝ ըստ հունական այբուբենի 15-րդ տառի: Եվրամիությունը և շատ այլ երկրներ, ըստ այդմ, սահմանել են աֆրիկյան որոշ երկրներից ճանապարհորդական արգելքներ: