Հունաստանում 60-ն անց չպատվաստված անձինք կտուգանվեն
Համաշխարհային ՄամուլՀունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հայտարարել է, որ 60-ն անց մարդկանց պատվաստումը դառնում է պարտադիր, հակառակ դեպքում ամսական 100 եվրո տուգանք կկիրառվի։
Նա նաև նշել է, որ Սուրբ Ծննդյան տոներից առաջ և հետո պետությունը բոլոր մեծահասակներին կտրամադրի անվճար ինքնաթեստավորում՝ վիրուսի հնարավոր ասիմպտոմատիկ կրողներին հայտնաբերելու համար։
«Օմիկրոնի նոր մուտացիան անհանգստացնում է մեզ և զգոնության կոչ է անում, որովհետև հիշեցնում է, որ կորոնավիրուսը կարող է անընդհատ զարմացնել մեզ, մինչդեռ գոյատևելու միջոց է գտնում՝ հատկապես չպատվաստվածների շրջանում: Մինչդեռ գալիք տոներն իրենց մթնոլորտով, ընտանեկան սեղաններով և սոցիալական միջոցառումներով ստեղծում են պայմաններ, որոնք կարող են նպաստել դրա վերածննդին»,- ասել է Միցոտակիսը։
«Վաղ թե ուշ Օմիկրոնը անպայման կհայտնվի նաև Հունաստանում, դրա համար մենք պետք է շարունակենք ավելի արագ իրականացնել մեր քաղաքականությունը, այլ կերպ ասած՝ ժամանակ խնայել՝ պատվաստումներ, բազմակի թեստեր, պատվաստումների վկայականների կիրառում և անձնական պաշտպանության միջոցներ։ Սա է մեր պատասխանը կորոնավիրուսի այս նոր շտամին, այլ ոչ թե կարանտինը»,- ասել է Հունաստանի վարչապետը։