Բուրկինա֊Ֆասոյի նախագահը ձերբակալվել է
Համաշխարհային ՄամուլԶինվորականները ձերբակալել են Բուրկինա Ֆասոյի նախագահ Ռոկե Մարկ Քրիստիան Կաբորեին և նրան պահում են բանակային բազաներից մեկում։ Այս մասին երկուշաբթի օրը հայտնել է Reuters գործակալություն։
Իր հերթին, Radio France Internationale ռադիոկայանի թղթակիցը, ով գտնվում է Բուրկինիայի մայրաքաղաք Ուագադուգուում, հայտնել է, որ բազմաթիվ աղբյուրներ հաստատում են նախագահ Կաբորեի ձերբակալությունը։ Ռադիոկայանի տվյալներով՝ ապստամբները պահանջում են Կաբորեի հրաժարականը պետության ղեկավարի պաշտոնից։
AFP-ն հայտնել է, որ երկուշաբթի առավոտյան դիմակավորված զինվորներ են հայտնվել պետական հեռուստատեսության շենքի դիմաց։ Ըստ տեղեկությունների՝ անցած գիշերվա ընթացքում իշխանությունները և ապստամբների ղեկավարությունը բանակցություններ են վարել, որոնք անարդյունք են ավարտվել։
Հայտնի է, որ հունվարի 23-ին Բուրկինա Ֆասոյի մի քանի ռազմաբազաներում տեղի է ունեցել ռազմական ապստամբություն։