ԵՄ-ն Ադրբեջանին կխնդրի ավելացնել գազի մատակարարումները Եվրոպա՝ Ռուսաստանի հետ տարաձայնությունների ֆոնին. FT
Համաշխարհային ՄամուլԵվրամիությունը (ԵՄ) հաջորդ շաբաթ բանակցություններ կվարի Ադրբեջանի հետ՝ քննարկելու Տրանսադրիատիկ խողովակաշարով Եվրոպա գազի մատակարարումների ավելացման հնարավորությունը։ Այդ մասին ուրբաթ հայտնել է բրիտանական Financial Times-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Նրանց տեղեկություններով՝ հաջորդ շաբաթ էներգետիկայի հարցով եվրահանձնակատար Կադրի Սիմսոնն այց կկացարի Բաքու, որի շրջանակում կհանդիպի երկրի էներգետիկայի և բնական ռեսուրսների հարցերով նախարարների հետ. «Մենք ակնկալում ենք, որ բանակցությունները կկենտրոնանան Եվրոպա գազի մատակարարումների դիվերսիֆիկացման գործում Ադրբեջանի դերի վրա», - ասել է ԵՄ անանուն ներկայացուցիչը: «Դա ներառում է Տրանսադրիատիկ գազատարով դեպի Եվրոպա գազի մատակարարումների ավելացման հնարավորությունը: Տրանսադրիատիկ գազատարի հզորությունը ներկայումս տարեկան կազմում է մոտ 10 մլրդ խմ, [Ադրբեջանը] կայուն և հուսալի մատակարար է ԵՄ-ի համար»։
Ինչպես ընդգծել է թերթը, Եվրոպա ադրբեջանական գազի մատակարարումների հնարավոր ավելացման շուրջ քննարկումներն ակտիվացել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակի շուրջ Եվրամիության և Ռուսաստանի միջև լարվածության լույսի ներքո։ Ավելի վաղ մի շարք արևմտյան լրատվամիջոցներ հայտնել էին, որ Ուկրաինա ռուսական ներխուժման դեպքում ԵՄ-ն պատրաստ է կոշտ պատժամիջոցներ կիրառել Մոսկվայի դեմ, ինչը կարող է ներառել «Հյուսիսային հոսք 2» գազատարից հրաժարվելը։