Կանադան պատժամիջոցներ կկիրառի Պուտինի և Լավրովի դեմ
Համաշխարհային ՄամուլԿանադայի իշխանությունները որոշում են կայացրել Ուկրաինայում տիրող իրադրությամբ պայմանավորված պատժամիջոցներ կիրառել ընդդեմ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի, ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Գենշտաբի պետ Վալերիյ Գերասիմովի: Այս մասին մամուլի ասուլիսին հայտարարել է վարչապետ Ջասթին Թրյուդոն:
Նա ընդգծել է, որ դա կարևոր քայլ է՝ ի ցույց դնելու Արևմուտքի երկրների միասնականությունը:
«Կանադան հայտնում է, որ մենք հավելյալ պատժամիջոցներ կկիրառենք Բելառուսի և այդ երկրի ղեկավարների դեմ՝ նախագահ Պուտինին ազատ ու ինքնիշխան երկիր ներխուժելու գործում աջակցելու համար: Դրանք կառնչվեն 57 մարդու»,- ասել է Թրյուդոն՝ նշելով, որ նրանց շարքում է նաև նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
Կանադայի վարչապետը կողմ է արտահայտվել Ռուսաստանին միջբանկային վճարումների SWIFT համակարգից հեռացնելուն՝ կարծիք հայտնելով, թե դա կզրկի Պուտինին սեփական ծրագրերը կյանքի կոչելու հնարավորությունից: