Ժիրինովսկու վիճակը վատացել է. «112»
Համաշխարհային ՄամուլՌԴ ԼԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու վիճակը վատացել է, նա հոսպիտալացվել էր եւ այժմ միացված է արհեստական շնչառության սարքին։ Այս մասին հայտնում է «112» Telegram-ալիքը։
Հստակեցվում է, որ քաղաքական գործիչը ներկայումս գտնվում է հանգստացնող կամ դեղորայքային քնի մեջ։ Հաղորդվում է նաեւ, որ Ժիրինովսկու թոքերը ծանր ախտահարված եւ այտուցված են։
«Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդը դեռեւս ծանր է շնչում, նա անընդհատ միացված է թոքերի օդափոխման սարքին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Այս տեղեկատվության պաշտոնական հաստատում դեռեւս չկա։
Ժիրինովսկին Մոսկվայի կենտրոնական կլինիկական հիվանդանոց էր տեղափոխվել փետրվարի 2-ին՝ կորոնավիրուսի թեստի դրական պատասխանից հետո։ Անալիզները ցույց էին տվել, որ քաղաքական գործիչը օմիկրոնով է վարակված։ Կուսակցությունում վստահեցրել են, որ, չնայած իրենց ղեկավարի հիվանդությանը, շարունակում են աշխատել «սովորական ռեժիմով»։