Սլովակիան նախնական համաձայնել է Ուկրաինային խորհրդային ժամանակների ՀՕՊ համակարգեր տրամադրել․ CNN
Համաշխարհային ՄամուլՍլովակիան նախնական համաձայնել է Ուկրաինային խորհրդային ժամանակների ՀՕՊ համակարգեր տրամադրել, հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով աղբյուրներին, սակայն ԱՄՆ-ը եւ ՆԱՏՕ-ն դեռ փորձում են որոշել, թե ինչպես լրացնել Սլովակիայի սեփական պաշտպանական հնարավորությունները:
Երկու աղբյուրների համաձայն՝ Սլովակիան՝ ՆԱՏՕ-ի երեք դաշնակիցներից մեկը, որն ունի այս պաշտպանական համակարգերը, ցանկանում է երաշխիքներ ստանալ, որ դրանք անհապաղ կփոխարինվեն:
Եթե երկիրը տրամադրի իր Ս-300-ներ, ապա, ամենայն հավանականությամբ, կստանա ԱՄՆ-ի արտադրության Patriot հակաօդային պաշտպանության համակարգ, որպեսզի լրացնի այն պոտենցիալը, որից հրաժարվում է:
Գերմանիան եւ Նիդեռլանդներն արդեն հրապարակայնորեն հայտարարել են, որ Patriot են ուղարկում Սլովակիա։ Սակայն հակաօդային պաշտպանության նոր համակարգի ինտեգրումը երկրի ռազմական կառույցի մեջ, ինչպես նաեւ դրա կիրառման համար ուսուցումը կարող է ժամանակ պահանջել, զգուշացրել է խնդրին ծանոթ աղբյուրներից մեկը:
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը այս շաբաթվա վերջին կայցելի Սլովակիա:
«Նախագահ Զելենսկու խնդրանքով մենք հայտնաբերել ենք եւ օգնում ենք Ուկրաինային ձեռք բերել լրացուցիչ ավելի մեծ հեռահարության ՀՕՊ համակարգեր եւ զինամթերք այդ համակարգերի համար»,- չորեքշաբթի ասել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ Կիեւին անվտանգության նոր օգնություն տրամադրելու մասին մեկնաբանությունների շրջանակում: