ՆԱՏՕ-ն զորավարժություններ կանցկացնի Թուրքիայում
Համաշխարհային ՄամուլՇվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու շուրջ տարաձայնությունների ֆոնին Հյուսիսատլանտյան դաշինքը զորավարժություններ կանցկացնի Թուրքիայում։ Այս մասին հայտնում է թուրքական Anadolu լրատվական գործակալությունը։
Հրապարակման համաձայն՝ Ramstein Dust II-2022 զորավարժությունները նախատեսված են հունիսի 20-28-ը և կանցկացվեն Կոնյա քաղաքի 3-րդ գլխավոր ռեակտիվ բազայում։
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը պարզաբանել է, որ զորավարժությունները նախատեսվում է անցկացնել «Անատոլու արծիվ-2022» միջազգային զորավարժությունների հետ համատեղ։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Շվեդիան և Ֆինլանդիան չեն միանա ՆԱՏՕ-ին, քանի դեռ չկատարվեն Անկարայի պահանջները՝ դադարեցնել աջակցել ահաբեկչությանը, առաջին հերթին՝ Քրդստանի աշխատավորական կուսակցությանը (PKK):
Նրա խոսքով՝ որոշ դաշնակից պետությունների քաղաքականությունն ու մի շարք խոստումների չկատարումը ստիպեցին Թուրքիային հասկանալ, որ անհրաժեշտ է ավելի վճռականորեն պաշտպանել իր դիրքորոշումը։
Նախօրեին Բալթիկ ծովում սկսվել են ՆԱՏՕ-ի երկշաբաթյա ռազմածովային զորավարժությունները՝ Ֆինլանդիայի և Շվեդիայի մասնակցությամբ, որոնք հայտարարել են դաշինքին միանալու մտադրության մասին։ Դրանցում ներգրավված են 45 նավ, 75 ինքնաթիռ և ավելի քան 7000 նավաստիներ, օդաչուներ և ծովային հետևակներ 16 երկրներից, այդ թվում՝ Ֆինլանդիայից և Շվեդիայից:
Շտաբի պետերի միացյալ կոմիտեի նախագահ Մարկ Միլին ասել է, որ զորավարժությունների հիմնական նպատակն է ցույց տալ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի համերաշխությունը Ֆինլանդիայի և Շվեդիայի հետ։