Թուրքիան մերժել է Ֆինլանդիայի և Շվեդիայի հետ եռակողմ բանակցություններին մասնակցելու ՆԱՏՕ-ի հրավերները. FT
Համաշխարհային ՄամուլԹուրքիան մերժել է Ֆինլանդիայի եւ Շվեդիայի հետ եռակողմ բանակցություններին մասնակցելու ՆԱՏՕ-ի հրավերները, հայտնում է FT-ն։
Անկարան ահաբեկչության վերաբերյալ իրենց պնդումները քննարկելու կոնկրետ առաջարկներ է պահանջել Հելսինկիից եւ Ստոկհոլմից՝ նախքան միջնորդական բանակցություններին համաձայնելը, հայտնել են աղբյուրները:
«Դաշինքի սպաների միջնորդությամբ եռակողմ հանդիպումը «վերջնական նպատակն» էր, բայց «մենք դրան դեռ չենք հասել»,- Financial Times-ին ասել է ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյան՝ խոսելով Թուրքիայի՝ մասնակցությունից հրաժարվելու եւ երկու թեկնածուների նկատմամբ ոչ հստակ պահանջների մասին:
Էրդողանը չորեքշաբթի կրկնել է հյուսիսային երկու երկրներից զիջումների մասին իր պահանջը։ «Քանի դեռ Շվեդիան եւ Ֆինլանդիան հստակ, կոնկրետ եւ վճռական քայլեր չձեռնարկեն, մենք հաստատ չենք փոխի մեր դիրքորոշումը ՆԱՏՕ-ի հարցում»,- ասել է նա։
Պատասխանելով եռակողմ բանակցությունների ձախողման մասին հարցին՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգն այս շաբաթ ասել էր, որ «այժմ գործընթաց է ընթանում, որտեղ տարբեր ձեւաչափերով հանդիպումներ են եղել»։