Ֆլորենցիայի գլխավոր տաճարի գմբեթը բարձրանալուց հետո զբոսաշրջիկը մահացել է
Համաշխարհային ՄամուլԱմերիկացի զբոսաշրջիկը մահացել է Ֆլորենցիայի Սանտա Մարիա դել Ֆիորե տաճարի գմբեթը բարձրանալիս, հայտնում է La Nazione տոսկանյան թերթը։
Ֆիլիպո Բրունելեսկիի նախագծած հայտնի գմբեթի դիտահարթակի վրա 67-ամյա տղամարդն իրեն վատ է զգացել։ Դեպքի վայր է մեկնել շտապօգնության երկու ավտոմեքենա։ Զբոսաշրջիկին իջեցրել են 91 մետր բարձրությունից և ուղարկել հիվանդանոց, սակայն բուժհաստատություն ժամանելու պահին նա արդեն մահացած է եղել։
Մայր տաճարի տնօրինությունն առանձին հաղորդագրությամբ հավաստիացրել է, որ իր աշխատակիցները պատրաստ են առաջին բուժօգնություն ցուցաբերել։ Միևնույն ժամանակ, ինչպես նշվում է, Դուոմոյի և մոտակայքում գտնվող Ջոտտո զանգակատան այցելուներին զգուշացնում են բարձրանալու վտանգի մասին, եթե նրանք առողջական խնդիրներ ունեն՝ հատկապես կապված սրտանոթային հիվանդությունների հետ: