ԱՄՆ-ն Թուրքիային ոչինչ չի խոստացել. Associated Press
Համաշխարհային ՄամուլԱՄՆ իշխանությունները Թուրքիային ոչ մի խոստում չեն տվել՝ Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ մտնելու հետ համաձայնության գալու որոշման դիմաց, հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյային։
Անանուն պաշտոնյայի խոսքով՝ Թուրքիան իր հերթին ԱՄՆ-ից զիջումներ չի խնդրել այս հարցի շուրջ բանակցություններում։
Միաժամանակ, գործակալության զրուցակիցն ընդգծել է, որ Վաշինգտոնը «առանցքային դեր է խաղացել» Անկարայի, Հելսինկիի և Ստոկհոլմի միջև բանակցային գործընթացում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիան, Շվեդիան և Ֆինլանդիան համաձայնության են եկել սկանդինավյան երկու երկրների՝ ՆԱՏՕ մտնելու շուրջ։ Սպասվում է, որ երկու երկրներն էլ դաշինքի հրավեր կստանան Մադրիդում կայանալիք գագաթնաժողովի ժամանակ։ Կողմերը նաև պետք է համաձայնեցնեն մուտքի պայմանները։ Շվեդիան և Ֆինլանդիան կդառնան ՆԱՏՕ-ի անդամներ, երբ (եթե) դաշինքի անդամ բոլոր երկրների խորհրդարանները վավերացնեն այս որոշումը։