Ուկրաինան Թուրքիային խնդրել է կալանավորել ռուսական դրոշով բեռնատար նավը. Reuters
Համաշխարհային ՄամուլՈւկրաինան Թուրքիային խնդրել է կալանավորել ռուսական դրոշով բեռնատար նավը, որն իբր Բերդյանսկից ուկրաինական հացահատիկ է տեղափոխել։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցչին։
«Ուկրաինան խնդրել է Թուրքիային կալանավորել ռուսական դրոշի ներքո գտնվող «Ժիբեկ Ժոլի» բեռնատար նավը, որը տեղափոխում է ուկրաինական հացահատիկ` դուրս բերված Ռուսաստանի կողմից օկուպացված Բերդյանսկ նավահանգստից»,- ասվում է զեկույցում։
Գործակալությունը վկայակոչում է նաև հունիսի 30-ին Ուկրաինայի գլխավոր դատախազության նամակը Թուրքիայի արդարադատության նախարարությանը, որում ասվում է, որ նավը ներգրավված է «ուկրաինական հացահատիկի ապօրինի արտահանման մեջ» և իբր յոթ հազար տոննա բեռով ուղարկվել է Թուրքիայի Կարասու քաղաք։