Պեսկովն արձագանքել է Մեքսիկայի նախագահի՝ 5 տարով զինադադարի առաջարկին
Համաշխարհային ՄամուլՌուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ ինքը չի լսել Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորի՝ «հինգ տարով զինադադար» հայտարարելու առաջարկի մասին։
«Ես ծանոթ չեմ այս գաղափարին։ Այս մասին ոչինչ չեմ լսել, չեմ կարդացել»,- լրագրողի հարցին պատասխանել է Պեսկովը։
Ավելի վաղ Օբրադորը կոչ էր արել վերջ տալ աշխարհում բոլոր հակամարտություններին և հնգամյա զինադադար հաստատել՝ դիմակայելու այն ճգնաժամին, որն ազդում է երկրների վրա։
Նա հիշեցրել է, որ սկզբում համաշխարհային տնտեսությունը ցնցվում էր՝ կորոնավիրուսային պանդեմիայի պատճառով, այժմ իրավիճակը բարդանում է տարածաշրջանային հակամարտություններով, ինչի պատճառով՝ աղքատությունն աճում է, և նկատվում է համաշխարհային գնաճ։ Ընդհանուր ճգնաժամի դեմ պայքարի միջոցառումների շարքում Օբրադորն առաջարկել է պետություններին խթանել արտադրությունը, ստեղծել աշխատատեղեր, մեծ ուշադրություն դարձնել բնակչության սոցիալապես խոցելի խմբերին և ձգտել համագործակցության երկրների և ժողովուրդների միջև։