Ժամանակ չունեմ․ Լեհաստանի վարչապետը հրաժարվել է հանդիպել Ջոնսոնի հետ
Համաշխարհային ՄամուլԼեհաստանի վարչապետ Մաթեուշ Մորավիեցկին հրաժարվել է հանդիպել Մեծ Բրիտանիայի հեռացող վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ «ժամանակի սղության» պատճառով։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։
Նշվում է, որ Մեծ Բրիտանիայի և Լեհաստանի ներկայացուցիչները քննարկել են վարչապետների միջև բանակցությունների մի քանի հնարավոր ժամկետներ և պայմանականորեն պայմանավորվել օգոստոսի 8-ին հանդիպում անցկացնելու մասին։
Սակայն, ի հիասթափություն Ջոնսոնի թիմի, Մորավիեցկու գրասենյակը նրանց տեղեկացրել է, որ Լեհաստանի առաջնորդն այլևս ի վիճակի չէ հանդիպել նրան օգոստոսի 8-ին և դժվար թե ժամանակ գտնի մինչև սեպտեմբերին Ջոնսոնի՝ պաշտոնը լքելը:
Հուլիսի 7-ին Ջոնսոնը հայտարարել էր Մեծ Բրիտանիայի վարչապետի և երկրի Պահպանողական կուսակցության ղեկավարի պաշտոնից հեռանալու իր որոշման մասին։ Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախկին նախարար Ռիշի Սունակը և արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը դուրս են եկել վարչապետի պաշտոնի համար պայքարի եզրափակիչ։