Սա մեկ անձի, մեկ կուսակցության ու մեկ քաղաքական շարժման անելիքը չէ. Գառնիկ Դանիելյան
Հայկական Մամուլ«Սրբազան շարժում»-ը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ այսօր Գեղարքունիքի մարզում է:
Նորատուսում «Հայաստան խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հայտարարեց, որ հայրենիքի առջև պարտականություն ունեն բոլորը՝ գյուղացուց, շինականից սկսած, մինչև գիտնական։
«Մեր նպատակը չարիքի իշխանությունից ազատվելն է ու ձեզ հետ միասին պետք է մեր ծրագրերն իրականացնենք։ Սա մեկ անձի, մեկ կուսակցության ու մեկ քաղաքական շարժման անելիքը չէ։ Հայրենիքի առջև պարտականություն ունեն բոլորը՝ գյուղացուց, շինականից սկսած, մինչև գիտնական»,- նշեց նա:
Պատգամավորի խոսքով` իշխող կուսակցությունն օրերս ավետել է նոր պատերազմի մասին։
«Երբ ամիսներ, տարիներ շարունակ ասում էինք, որ թշնամին չի հրաժարվելու իր ծրագրերից և գնալու է նոր տարածքներ, նոր բնակավայրեր զավթելու ճանապարհով, շատերը թերահավատորեն էին նայում, ոմանք էլ անջատել էին այդ ուղղությամբ բանականությունը և մտածում էին, որ ջայլամի քաղաքականություն վարելով` կկարողանան թշնամուն հակահարված տալ»,- հավելեց Դանիելյանը: