«Հրապարակ». Անգամ Լուլուն է Ավինյանին քննադատում
Հայկական Մամուլ«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի ու Տիգրան Ավինյանի հարաբերություններն այնքան են լարվել, որ ՔՊ-ականներից ոմանք սկսել են բաց եւ փակ ֆորմատներով Ավինյանի վրա «բոչկա գլորել»։ Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը մեծ վտանգ է տեսնում Երեւանի քաղաքապետից, նրա օրեցօր ամրապնդվող դիրքերից, Ավինյանը, կուսակցությունում աջակիցների մեծ բանակ ունենալուց բացի, սերտ շփումներ ու կապեր է հաստատել տարբեր խավերի, այդ թվում` որոշ օլիգարխների հետ, նաեւ ավագանուն է «իրենով արել»։
Մեզ պատմել էին, որ անցած շաբաթ Նախաձեռնող խմբի նիստի ժամանակ Լուլուն է Ավինյանին քննադատել, թե` խոսում են, որ շինթույլտվությունների դիմաց մեծ փողեր է առնում, իսկ երեկ ՔՊ-ական Արմեն Խաչատրյանն ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նիստի ժամանակ Ավինյանի դեմ խոսեց, երբ քննարկվում էր ռազմարդյունաբերությունը խթանող նախագիծը:
Նա դատապարտեց բոլոր այն գործիչներին, գերատեսչություններին, որոնք խոչընդոտներ են առաջացնում ոլորտի զարգացման համար, ասաց, որ բազում նման դեպքերի մասին է լսել, սակայն հիշատակեց միայն Ավինյանի հիմնարկը․ «Երեւանի քաղաքապետարանը 4 ամիս է՝ հոսանքի թույլտվություն չի տալիս զենք արտադրողին»։ Կուսակցության աղբյուրները չեն բացառում, որ առաջիկայում Ավինյանի դեմ արշավը նոր թափ կհավաքի։ Փաշինյանը միայն անդեմ, անողնաշար ստրուկների է հանդուրժում, իսկ Տիգրան Ավինյանն այդպիսին չէ»: