ԱՄՆ-ն հույս ունի, որ Ռուսաստանը և Ուկրաինան կհամաձայնեն 30-օրյա հրադադարին
Աշխարհ
Վաշինգտոնը հույս ունի, որ Ռուսաստանը և Ուկրաինան կհամաձայնեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկին՝ 30-օրյա հրադադար մտցնելու վերաբերյալ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։
Նրա խոսքով՝ հինգշաբթի օրը Թրամփի և Վլադիմիր Զելենսկու միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ բարձրացվել է Միացյալ Նահանգների կողմից առաջարկվող 30-օրյա հրադադարի թեման։ «Մենք հույս ունենք, որ երկու կողմերն էլ կհամաձայնվեն դրան», - ասել է Լևիթը՝ բացատրելով, որ առաջարկը սատարում են եվրոպական երկրները ։
Հարցին, թե արդյոք Թրամփը պատասխան է ստացել Զելենսկիից կամ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից այդ առաջարկի վերաբերյալ, Լևիթը պատասխանեց, որ «տեղյակ չէ դրա մասին»։ «Բայց, իհարկե, եթե այս հարցի վերաբերյալ որևէ արձագանք կամ նորություն լինի, վստահ եմ, որ դուք անմիջապես կլսեք նախագահից», - ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղարը։
