Ամերիկյան ներդրումային ընկերությունը կարող է գնել «Թուրքական հոսքի» բաժնեմասը
Աշխարհ
Ամերիկյան Elliott Investment Management ներդրումային ընկերությունը բանակցություններ է վարում ենթակառուցվածքային ակտիվների պորտֆելում բաժնեմասի գնման շուրջ, որը ներառում է Բուլղարիայում գտնվող «Թուրքական հոսք» գազատարի երթուղու մի հատված։ Այս մասին հաղորդում է The Wall Street Journal-ը։
Լրագրողները նշել են, որ ընկերությունը վերջերս գաղտնիության մասին համաձայնագիր է կնքել բուլղարական գազի օպերատոր «Բուլգարտրանսգազի» հետ։ Նյութի համաձայն՝ Elliott Investment Management-ի ներկայացուցիչները ապրիլի վերջին հանդիպում են ունեցել նաև Բուլղարիայի կառավարության հետ։
WSJ-ն գրում է, որ բանակցությունները գտնվում են վաղ փուլում։ Ակնկալվում է, որ գործարքը ընկերությանը հասանելիություն կտա ենթակառուցվածքային կառույցներին, տվյալների կենտրոնների ցանցին, տվյալների փոխանցման մալուխներին և այլ ակտիվներին։ Սակայն ներդրման չափը չի նշվում։
