Արևմուտքում հայտնել են՝ Թրամփը Պուտինից հիասթափվել է
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հիասթափված է Ռուսաստանից՝ Կիևի նկատմամբ նրա անզիջում լինելու պատճառով և աստիճանաբար փոխում է դիրքորոշումը ուկրաինական հակամարտության հարցում: Այս մասին գրում Է Financial Times պարբերականը։
«Հնարավոր է՝ Թրամփը հասկանում է, որ չափից շատ է տվել և դրա դիմաց ոչինչ չի ստացել», - FT-ն մեջբերում է Մոսկվայում ԱՄՆ նախկին դեսպան Մայքլ Մաքֆոլի խոսքերը։
Ինչպես նշվում է, ԱՄՆ նախագահի դժգոհության գլխավոր պատճառը դարձել է այն, որ նրան այդպես էլ չի հաջողվել հասնել իր ամենացանկալի նպատակին՝ հրադադարին, որը կարող էր հանգեցնել խաղաղ բանակցությունների և հակամարտության ավարտի: Պարբերականի զրուցակիցների խոսքով՝ Միացյալ Նահանգները հույս ուներ գործարքի հասնել՝ «հմայելով» Ռուսաստանին և ճնշում գործադրելով Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու վրա, սակայն այդ ռազմավարությունն արդյունք չի տվել։
