Քիմիական գործարանի պայթյունից հետո թունավոր ամպը ծածկել է իսպանական քաղաքը
Աշխարհ
Ալկալա դե Գվադաիրա քաղաքի մոտակայքում գտնվող Plainsur քիմիական գործարանում տեղի ունեցած պայթյունից քիմիական նյութերի վտանգավոր ամպ է առաջացել: Այս մասին հայտնում է Express հրատարակությունը։
Իշխանությունները խորհուրդ են տվել բնակիչներին՝ մոտ 77 հազար մարդ, անհապաղ պատսպարվել իրենց տներում, ամուր փակել պատուհանները և դուրս չգալ փողոց։
Գործարանի աշխատակիցները սկզբում փորձել են ինքնուրույն մարել հրդեհը, սակայն հրդեհի արագ տարածման պատճառով՝ ստիպված են եղել լքել տարածքը։ Սև ծուխը բարձրացել է երկինք և տեսանելի է եղել մինչև 80 կիլոմետր հեռավորության վրա։
Հաստատությունը պարունակում էր տարբեր քիմիական լուծիչներ, ինչը մտահոգություն է առաջացնում թունավոր ամպի բաղադրության վերաբերյալ: Վերջին տեղեկություններով՝ տուժածներ չկան, սակայն արտակարգ իրավիճակների ծառայությունները շարունակում են վերահսկել իրավիճակը։
