Թրամփի վարչակազմը հանում է զենքի արագ կրակահերթ ապահովող բաղադրիչի արգելքը
ԱՄՆ
ԱՄՆ արդարադատության նախարարությունը համաձայնագիր է կնքել Rare Breed Triggers ընկերության հետ, որի արդյունքում թույլատրվում է վաճառել «ստիպողական-վերաբեռնվող» ձգաններ՝ սարքեր, որոնք կիսաավտոմատ հրացաններին տալիս են ավտոմատի հատկություններ։ Գործարքը ոչ միայն վերացնում է նախկինում սահմանված արգելքը, այլև պարտադրում է կառավարությանը վերադարձնել առգրավված սարքերը, փոխանցում է APNEWS-ը։
Ընկերության փաստաբաններից է Թրամփի ներկայիս խորհրդական Դեյվիդ Ուորրինգթոնը։ Ընկերության նախագահը հայտարարել է, որ սա «պետական գերիշխանության դեմ պայքարի» հաղթանակ է։ Միևնույն ժամանակ, համաձայնագրով արգելվում է նման սարքերի արտադրությունը ատրճանակների համար։
Զենքի վերահսկման կազմակերպությունները կոշտ արձագանքել են՝ նշելով, որ այս որոշումը «փաստացի օրինականացնում է ավտոմատ զենքը»։ GIFFORDS խմբի փոխնախագահ Վանեսա Գոնսալեսը զգուշացրել է՝ «Թրամփի այս քայլը կարժենա մարդկային կյանքեր»։ Հակառակ դիրքորոշման մեջ կառավարությունը հայտարարում է, որ պաշտպանում է Սահմանադրության երկրորդ լրումը։

