Ոստիկանները փորձել են Նատալյա Ռոտենբերգին տնից վտարել․ նա դատարան է դիմել
Իրավունք
Հայաստանի գեղարվեստական և գեղագիտական մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Նատալյա Ռոտենբերգը դիմել է դատարան՝ ընդդեմ ՆԳՆ ոստիկանության՝ պահանջելով ձեռնպահ մնալ իրեն Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Հ. Բաբայան փողոցում գտնվող բնակելի տնից վտարելուն ուղղված գործողություններից․ փոխանցում են ԶԼՄ-ները։
Ռոտենբերգն ավելի ուշ միջնորդել է կասեցնել իր հայցով քննվող վարչական գործի վարույթը։ Սակայն վարչական դատարանը՝ դատավոր Անի Հարությունյանի նախագահությամբ, մերժել է միջնորդությունը՝ նշելով, որ մեկ այլ քաղաքացիական գործի քննությունը չի բացառում ոստիկանության կողմից հնարավոր վտարման գործողությունների իրավաչափության հարցի առանձին քննությունը։
Գործով երրորդ անձ է գործարար Տիգրան Արզաքանցյանի որդին՝ Մաքսիմուս Արզաքանցյանը։ Ռոտենբերգի միջնորդությունը կապված էր մեկ այլ քաղաքացիական գործի հետ, որով վիճարկվում է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը՝ շինծու գործարքի անվավերության հիմքերի կիրառման պահանջով։
Հիշեցնենք՝ Տիգրան Արզաքանցյանն ու Նատալյա Ռոտենբերգը պաշտոնապես ամուսնալուծվել են հուլիսի 10-ին։ Ավելի վաղ Ռոտենբերգը իրավապահներին հաղորդում էր ներկայացրել՝ պնդելով, որ ամուսնության տարիներին պարբերաբար բռնության է ենթարկվել Արզաքանցյանի կողմից։ Այդ հիմքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ Արզաքանցյանը հերքում է մեղադրանքները։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)