ՔՊ-ն սկսում է Եկեղեցու գործունեության լայնածավալ քննություն․ ինչ հարցեր է ուսումնասիրելու հանձնաժողովը
Քաղաքական
«Իրավունքի տեսանկյունից Եկեղեցին դառնում է սահմանադրական մարմին, ինչպես Սահմանադրության մեջ նշված և հատուկ օրենսդրությամբ կարգավորվող մյուս մարմինները»,- ԱԺ նիստում հայտարարել է ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը՝ ներկայացնելով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու գործունեությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմի վերաբերյալ նախագիծը։
Եղոյանի խոսքով՝ առաջարկվում է հանձնաժողովը կազմել 11 անդամից։ Դրանցից 7-ը կլինեն ՔՊ խմբակցության, 3-ը՝ «Ուժեղ Հայաստան» խմբակցության, իսկ 1-ը՝ «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչներ։ Ավելի վաղ ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարներ Նարեկ Կարապետյանն ու Աննա Գրիգորյանը հայտարարել էին, որ չեն մասնակցելու հանձնաժողովի աշխատանքներին։
Արման Եղոյանը, անդրադառնալով Սահմանադրության 18-րդ հոդվածին, նշել է, որ պետության և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունները կարգավորվում են համապատասխան օրենքով, որով Եկեղեցուն վերապահված են մի շարք հատուկ իրավունքներ։
Պատգամավորի խոսքով՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ունեն այնպիսի իրավունքներ, որոնք վերապահված չեն մյուս կրոնական կազմակերպություններին, ուստի այդ իրավունքներին պետք է համապատասխանեն նաև պատասխանատվության և վերահսկողության համապատասխան մեխանիզմներ։
Եղոյանը նաև պնդել է, որ Եկեղեցին հատել է պետությունից իր սահմանազատման գիծը՝ զբաղվելով քաղաքականությամբ, և այժմ իշխանությունը փորձում է վերականգնել այդ սահմանը։
«Այդ գիծն արդեն հատել է Հայ Առաքելական Եկեղեցին և նրա փաստացի պետը»,- հայտարարել է ՔՊ-ական պատգամավորը։
Նրա ներկայացմամբ՝ քննիչ հանձնաժողովը ուսումնասիրելու է Եկեղեցու բարեվարքության հնարավոր խախտումները, ֆինանսական տեղեկատվության թափանցիկությունը, ինքնակառավարման հետ կապված հարցերը, հոգևոր բարձրագույն մարմինների և ժողովների հրավիրման գործընթացը, գույքային խնդիրները, ինչպես նաև բարձրաստիճան հոգևորականների կողմից քաղաքականությամբ զբաղվելու դեպքերը։
ԱԺ-ն 62 կողմ ձայնով ընդունել է նաև հունիսի 23-ը Հանրային ծառայողի օր սահմանելու և քննիչ հանձնաժողովի կազմը հաստատելու վերաբերյալ նախագծերը։ Գործուղման մեջ գտնվող 11 ՔՊ-ական պատգամավորները իրենց կողմ քվեն նախապես գրավոր ներկայացրել էին։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը