Դատախազությունը պահանջում է վերադարձնել Աբովյան 8/1-ի գույքը․ արգելք է դրվել դրա օտարման վրա
Իրավունք
Գլխավոր դատախազությունը 2026 թվականի սեպտեմբերի 18-ին հայցադիմում է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Պետական գույքի կառավարման կոմիտեի, «Ավիատրանս» ՓԲ և «Ֆոքսֆորդ» ՓԲ ընկերությունների։
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել 2001 թվականի օգոստոսի 9-ին Պետական գույքի կառավարման նախարարության և «Ավիատրանս» ՍՊ ընկերության միջև կնքված պետական գույքի մասնավորեցման պայմանագիրը և կիրառել անվավերության հետևանքները։ Մասնավորապես, պահանջ է ներկայացվել «Ֆոքսֆորդ» ՓԲ ընկերությանը պարտավորեցնել իր ապօրինի տիրապետումից ազատել Երևան քաղաքի Աբովյան 8/1 հասցեի անշարժ գույքը։
Դատախազության ներկայացրած հիմնավորումներից մեկն այն է, որ նշված՝ պետական սեփականություն հանդիսացող և գրավադրված անշարժ գույքի մասնավորեցումն իրականացվել է ուղղակի վաճառքի միջոցով, մինչդեռ 2001 թվականի օգոստոսի 9-ի դրությամբ գործող օրենսդրությամբ նման գույքի իրացման համար նախատեսված էր հրապարակային սակարկությունների անցկացում։
Հակակոռուպցիոն դատարանը սեպտեմբերի 30-ի որոշմամբ հայցադիմումն ընդունել է վարույթ։ Նույն օրը դատարանը գույքի նկատմամբ կիրառել է նաև հայցի ապահովման միջոց՝ «Ֆոքսֆորդ» ՓԲ ընկերությանը արգելելով կատարել որևէ գործողություն, որը կարող է հանգեցնել Աբովյան 8/1 հասցեի անշարժ գույքի փաստացի կամ իրավական վիճակի փոփոխության։
Մասնավորապես, ընկերությանը արգելվել է գույքն օտարել կամ գրավադրել։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը