ՄԻՊ-ը Վարդենիսի խնամքի կենտրոնում մի շարք լուրջ խնդիրներ է արձանագրել
Իրավունք
Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները որպես կանխարգելման ազգային մեխանիզմ մշտադիտարկման այց են իրականացրել Վարդենիսի շուրջօրյա խնամքի կենտրոն։
ՄԻՊ գրասենյակից հայտնում են, որ այցի ընթացքում ուսումնասիրվել են կենտրոնում խնամք ստացող անձանց իրավունքների ապահովման վիճակը, ինչպես նաև նախորդ այցերի ընթացքում արձանագրված խնդիրների լուծման ուղղությամբ իրականացված աշխատանքները։
Նախկինում բարձրացված որոշ խնդիրներ լուծվել են։ Մասնավորապես՝ վերանորոգվել է կենտրոն տանող ճանապարհը, ընդլայնվել են խնամարկյալների ատամնաբուժական ծառայությունները, իսկ որոշ բաժանմունքներում անհատականացվել են հիգիենիկ պարագաները։
Միևնույն ժամանակ, մշտադիտարկման ընթացքում կրկին արձանագրվել են մի շարք չլուծված խնդիրներ։ Կենտրոնը շարունակում է մնալ գերբեռնված, սենյակներում մահճակալները տեղադրված են միմյանց շատ մոտ, առանձին դեպքերում՝ իրար կպած։ ՄԻՊ-ը նաև արձանագրել է հոգեբույժի թափուր հաստիքների համալրման դժվարություններ և խնամարկյալների նկատմամբ մարդու իրավունքների չափանիշներին չհամապատասխանող տարբերակված մոտեցումներ։
Խնդիրներ են արձանագրվել նաև զսպման միջոցների կիրառման և դրանց հաշվառման, կենտրոնի սենյակների, սանհանգույցների, լոգարանների, խոհանոցի և լվացքատան պայմանների առումով։ Կենտրոնում բավարար չափով ապահովված չէ նաև հարմարեցված և մատչելի միջավայրը․ մասնավորապես՝ բաժանմունքների մուտքերը թեքահարթակներով ապահովված չեն։
ՄԻՊ գրասենյակի տվյալներով՝ խնդիրներ կան նաև խնամարկյալների իրազեկված համաձայնության, խնամակալության ինստիտուտի, զբաղվածության, խնամքի անհատականացման և հեռախոսակապի հասանելիության հարցերում։ Մասնավորապես, անհատական հեռախոս չունեցող խնամարկյալները տաքսաֆոնների բացակայության պատճառով չեն կարողանում ինքնուրույն կապ հաստատել հարազատների կամ համապատասխան մարմինների, այդ թվում՝ ՄԻՊ-ի հետ։
Այցի արդյունքների վերաբերյալ փաստաթուղթը՝ արձանագրված խնդիրների լուծման առաջարկներով, կուղարկվի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն։ ՄԻՊ-ը կարևորել է հաշմանդամություն ունեցող անձանց շուրջօրյա խնամքի հաստատությունների ապաինստիտուցիոնալացման գործընթացի շարունակականությունը, համայնքահեն ծառայությունների զարգացումն ու անկախ կյանքի իրավունքի ապահովումը։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը