Արթիկում մանկապարտեզի շենքի օտարման աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
Իրավունք
Հակակոռուպցիոն դատարանը Շիրակի մարզի դատախազության հայցի հիման վրա անվավեր է ճանաչել Արթիկում մսուր-մանկապարտեզի շենքի արևելյան մասնաշենքի օտարման աճուրդը։ Դատարանի վճռով՝ համայնքին պետք է հատուցվի 12 միլիոն 444 հազար դրամ։ Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։
Դատախազության ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2003 թվականի սեպտեմբերի 15-ին Արթիկի Շինարարների փողոց 7 հասցեում գտնվող՝ 964.2 քմ մակերեսով շենքի մասնաշենքը աճուրդով վաճառվել է ֆիզիկական անձի՝ 3.7 միլիոն դրամով։ Միաժամանակ պարզվել է, որ աճուրդի կազմակերպման համար հիմք հանդիսացող արխիվային փաստաթղթերը բացակայում են։
Դատախազությունը դիմել է Հակակոռուպցիոն դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել աճուրդը և կիրառել դրա անվավերության հետևանքները։ Քանի որ գույքը բնեղենով վերադարձնելն անհնար է՝ այն տրոհվել է առանձին մասերի և ստացել այլ հասցեներ, պահանջվել էր գնորդից բռնագանձել գույքի օտարման պահին գործող շուկայական արժեքը՝ 16 միլիոն 144 հազար դրամ։
Հակակոռուպցիոն դատարանի՝ 2026 թվականի հոկտեմբերի 8-ի վճռով անվավեր են ճանաչվել աճուրդը և դրա հիման վրա 2003 թվականի հոկտեմբերի 6-ին Արթիկի քաղաքապետարանի ու գնորդի միջև կնքված առուվաճառքի պայմանագիրը։ Որպես պայմանագրի անվավերության հետևանք՝ գնորդը պարտավորվել է Արթիկ համայնքին հատուցել 12 միլիոն 444 հազար դրամ։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը