ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոն
Քաղաքական
ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) ընդառաջ Հայաստան է ժամանել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը․ նա այսօր ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ուղեկցությամբ այցելել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն: Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ծանոթացել է կենտրոնի գործունեությանը, իրականացվող ընթացիկ կրթական ծրագրերին, նորարարական տեխնոլոգիական հնարավորություններին ու ենթակառուցվածքներին։
Այցի շրջանակում Անտոնիո Գուտերեշը հանդիպել է «Թումո» կենտրոն այցելող երիտասարդներին, զրուցել նրանց հետ, հետաքրքրվել նախասիրություններով: «Թումո» կենտրոնի սաներն առանձնակի ընդգծել են կրթական յուրահատուկ մեթոդաբանությունը, որը համադրվում է ինքնուսուցման ու ոչ ֆորմալ կրթության գործնական դասընթացներով՝ տրամադրելով արդիական թվային ու ստեղծագործական հմտություններ։
«Սա այն վայրն է, որտեղ մարդկանց միավորում են ստեղծագործականությունն ու նորարարությունը: Այստեղ երիտասարդներն ուսումնասիրում են իրենց հնարավորությունները և բացահայտում տաղանդները։ Եվ մենք շատ ուրախ ենք, որ Թումոն այժմ հասանելի է մի շարք երկրներում` տարբեր համայնքների և երիտասարդների համար»,- ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ շնորհակալություն հայտնելով Անտոնիո Գուտերեշին՝ իր ներկայությամբ երիտասարդներին ոգևորելու համար: Նա նաև ընդգծել է, որ «Թումո» կենտրոնում ձեռք բերած հմտությունները կարող են էականորեն նպաստել կենսաբազմազանության խնդիրների լուծմանը, որոնք այս օրերին քննարկվում են COP17-ի շրջանակում։
«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանը ներկայացրել է «Թումո»-ի զարգացման ռազմավարությունը, այդ թվում՝ ՀՀ մարզերում և սահմանամերձ համայնքներում կենտրոնի կրթական ցանցի (Թումո կենտրոններ և տուփեր) ընդլայնման ընթացքը, պատանիների ու երիտասարդների ներգրավվածությունը ոչ ֆորմալ կրթությանը: Անդրադարձ է կատարվել նաև միջազգային համագործակցության ծրագրերին և աշխարհում «Թումո» ցանցի տարածմանը:


















































Ամենադիտված
Հայաստանը և Ադրբեջանը տարածքների փոխանակում պետք է իրականացնեն. Փաշինյան