Վրաստանի իշխանություններն «օտարերկրյա գործակալների մասին» օրենքով փակում են երկրի ճանապարհը դեպի ԵՄ. Բերբոք
Աշխարհ![Վրաստանի իշխանություններն «օտարերկրյա գործակալների մասին» օրենքով փակում են երկրի ճանապարհը դեպի ԵՄ. Բերբոք](/timthumb.php?src=disc/27-05-24/9dbba738c6cd3ac81689d7206cd2c979.jpg&w=780)
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը կարծում է, որ Վրաստանի կառավարությունն, առաջ մղելով «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը, արգելափակում է երկրի ճանապարհը դեպի Եվրամիություն և դեմ է դուրս գալիս սեփական բնակչությանը, այս մասին Բերբոքն ասել է արտգործնախարարների մակարդակով ԵՄ խորհրդի նիստին ժամանելիս։
«Ինձ համար ցավալի է, որ Վրաստանի կառավարությունն օրենքով արգելափակում է Եվրամիություն տանող ուղիով առաջ գնալու հնարավորությունը՝ իր քաղաքացիների և, առաջին հերթին, երիտասարդության այդ մեծ երազանքը», - Բերբոքի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։
«Վրաստանի կառավարությունը դրանով իսկ հանդես է գալիս սեփական բնակչության դեմ, եվրոպական հեռանկարի դեմ»,- կարծում է նա:
Օրենքով նախատեսվում է, որ հասարակական կազմակերպությունները և ԶԼՄ-ները, որոնք իրենց ֆինանսավորման 20 %-ից ավելին ստանում են արտերկրից, գրանցվեն որպես «օտարերկրյա ուժի շահերը հետապնդող» կազմակերպություններ։ Վրաստանի իշխանությունները հայտնում են, որ օրենքը կոչված է ապահովելու ՀԿ-ների ֆինանսավորման թափանցիկությունը։
Օրենքի ընդունումը Վրաստանում առիթ է դարձել բազմահազարանոց ցույցերի, որոնք վերածվել են իրավապահների հետ բախումների։
ԱՄՆ-ում և ԵՄ-ում նախազգուշացրել են, որ օրենքի ընդունումը կարող է սպառնալ Վրաստանի եվրաատլանտյան ինտեգրմանը։
![](banners/armflix.jpg)