Մինսկը հանգիստ է գնահատում Փաշինյանի իմպուլսիվ հայտարարությունները, կշարունակենք համագործակցությունը եղբայրական Ադրբեջանի հետ. ՌԴ-ում Բելառուսի դեսպան
Արտաքին Քաղաքական![Մինսկը հանգիստ է գնահատում Փաշինյանի իմպուլսիվ հայտարարությունները, կշարունակենք համագործակցությունը եղբայրական Ադրբեջանի հետ. ՌԴ-ում Բելառուսի դեսպան](/timthumb.php?src=disc/13-06-24/e7572f5720d01fba7c0032ddd2314a52.jpg&w=780)
Բելառուսը հանգիստ է գնահատում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի «իմպուլսիվ հայտարարությունները» Մինսկի վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանում Բելառուսի դեսպանատան նախարար-խորհրդական Ալեքսանդր Շպակովսկին։
«Մենք հանգիստ ենք գնահատում Նիկոլ Փաշինյանի իմպուլսիվ հայտարարությունները, մենք շարունակում ենք հարգել եղբայրական հայ ժողովրդին, որի հետ Բելառուսը դարավոր պատմական կապեր ունի»,- գրել է Ալեքսանդր Շպակովսկին Տելեգրամի իր ալիքում։
Շպակովսկին ընդգծել է, որ Բելառուսը «չի միջամտում Հայաստանի ներքաղաքական գործընթացներին, ինչպես նաև Երևանի արտաքին քաղաքականությանը»։
«Ելնելով փոխադարձության սկզբունքից՝ մենք ակնկալում ենք նմանատիպ մոտեցումներ մեր գործընկերներից և դաշնակիցներից, ուստի որոշ տարակուսանքով հետևում էինք Հայաստանի ղեկավարության ներկայացուցիչների շփումներին բելառուս քաղաքական ծայրահեղականների առաջնորդների հետ»,- նշել է դիվանագետը։
Միաժամանակ, դիվանագետը նշել է, որ գործընկերների և դաշնակիցների ընտրությունը պաշտոնական Մինսկի ինքնիշխան խնդիրն է, և այս դեպքում «կամ-կամ» մոտեցումն անընդունելի է։ «Մենք եղբայրական Ադրբեջանի հետ շփվել ենք և կշարունակենք համագործակցել բոլոր ոլորտներում, այդ թվում՝ ռազմատեխնիկական»,- հայտարարել է Շպակովսկին։
![](banners/armflix.jpg)