Սպասում ենք Նիկոլ Բաղդասարյանին, կարող է հեծանիվի հետ էլ ուզենա առերեսվել. Վահագն Չախալյան (տեսանյութ)
Տեսանյութեր
Այսօր հայտնի դարձավ, որ դատախազի ցուցումով ձերբակալվել է «Հայկական արժեքների պաշտպանության կամք» հասարակական նախաձեռնության անդամ Արթուր Ալեքսանյանը, որը փորձել է հեծանվով վրաերթի ենթարկել ԱԺ «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանին: Այս պահին «Հայկական արժեքների պաշտպանության կամք» Հ/Կ-ի անդամները գտնվում են Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի մոտ. «Մենք սպասում ենք Նիկոլայ Բաղդասարյանին, որը պետք է գա առերեսման՝ իրեն հեծանիվով վրաերթի ենթարկելու փորձ կատարած անձի հետ: Մենք հեծանիվն էլ ենք բերել, կարող է ինքը հեծանիվի հետ էլ ուզենա առերեսվել: Նիկոլայ Բաղդասարյանին պետք է ասենք, որ վրաերթի փորձ չի եղել, եթե ցանկություն լիներ, ապա տեղի կունենար: Պետք է ամոթանք տանք հակապետական, հակաազգային քայլի համար»,- այս մասին ուղիղ եթերում հայտարարեց ՀԿ-ի նախագահ Վահագն Չախալյանը:
Ավելի վաղ, Նիկոլայ Բաղդասարյանը հաղորդում էր ներկայացրել ոստիկանություն: Պարզվել է, որ «Հայկական արժեքների պաշտպանության կամք» հասարակական նախաձեռնության անդամ Արթուր Ալեքսանյանը նախաձեռնության այլ անդամների հետ ակցիա է իրականացրել «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» ԵԽ կոնվենցիայի վավերացման դեմ, որի ընթացքում, հանդիպելով ԱԺ պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանին, նրանից պահանջել է դեմ քվեարկել կոնվենցիայի վավերացմանը: Նշենք, որ վերջինս այն պատգամավորների թվում է, ովքեր կողմ են քվեարկել կոնվենցիային: