Պատգամավորը կգնա՞ խողովակը վերանորոգելու, թե՞ ստատուս գրելը բավարար է
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը տեղեկացրել էր, որ Սյունիքի մարզի Հացավան բնակավայրում արդեն 3 օր է՝ խմելու ջուր չկա։
ԼՈՒՐԵՐ.com-ը Հացավան վարչական շրջանի ղեկավար Անահիտ Մարգարյանից հետաքրքրվեց՝ ի՞նչն է պատճառը, որ ջուր չկա, արդյոք խնդրի լուծումն այդքան դժվար է:
Նա պատմեց, որ ջուր չի ունեցել ընդամենը 4 տուն, բայց այժմ` հարցը կարգավորվել է. «Ջրագիծը բարդ է, ջրի մակարդակը ցածր է: Վթար է եղել, խողովակները պայթել են, բայց վերանորոգել ենք»:
Ղեկավարը չի հասկանում, թե ինչու է պատգամավորը նման հայտարարություններ հաճախակի անում. «Մայիսի 1-ին էլի ջուր չունեինք, պատգամավորը տեղեկացրել էր, մենք էլ խնդիրը ներկայացրինք իրեն, բայց ոչինչ չասաց: Թող գա, տեղում տեսնենք՝ որն է խնդիրը: Խողովակը պայթում է, ի՞նչ կարող ենք անել»,-ընդգծեց Մարգարյանը:
Ղեկավարը նշում է, որ, ի տարբերություն նախորդ դեպքի՝ այս անգամ մասնագետներ հրավիրելու կարիք չի եղել:
«Ջուրը ստանում ենք 40 կմ հեռավորությունից, լցվում է լողավազան, մարդիկ էլ շատ են օգտագործում, դրա պատճառով մակարդակը իջնում է, ու, արդյունքում, մի քանի բնակիչ ջրի խնդիր է ունենում»,-մեկնաբանեց Մարգարյանը:
Նրա խոսքով՝ եթե գյուղում ջուր չեն ունենում, մարդիկ օգտվում են տարբեր աղբյուրներից. կողքի համայնքից ու հարևաններից են բերում, գետերից են վերցնում:
Ղեկավարը նշում է, որ ճիշտ է՝ հիմա ջուր լցնում են լողավազան, բայց չգիտեն՝ ամբողջությամբ կլցվի՞, թե՞ ոչ, դե իսկ ամռանն էլ ջուր շատ են օգտագործում:
Նշենք, որ շրջանում ջուրը մատակարարում է «Վեոլիա ջուր» փակ բաժնետիրական ընկերությունը, որը տեղյակ է խնդրին և փորձում է ամբողջությամբ կարգավորել այն: