Բանակը նաև այսպես են քանդում՝ գեներալներին քաղաքականության մեջ ներքաշելով. Նորայր Նորիկյան
Բլոգոսֆերա«Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել Օնիկ Գասպարյանի շուրջ ստեղծված իրավիչակի վերաբերյալ՝ կարծիք հայտնելով, որ բանակը քանդում են նաև գեներալներին քաղաքականության մեջ ներքաշելով:
«Այն մարդիկ, որոնք փափուկ բարձ դրեցին գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի թևերի տակ, որոնք ամիսներ շարունակ ամեն ինչ արեցին նրան ներքաշելու քաղաքական գործընթացների մեջ, խրախուսեցին քաղաք զորք մտցնելուն և ռազմական հեղաշրջում իրականացնելուն, հուսադրեցին, որ նրա գործողություններն ամբողջությամբ իրավաչափ են, այսօր մեղքի զգացում չունե՞ն, խղճի խայթ չե՞ն զգում, որ իրենց անհաշվենկատ քայլերով նպաստեցին Օնիկ Գասպարյանին բանակից հեռացնելուն:
Անձամբ ինձ համար խիստ անցանկալի էր, որ այդպիսի փորձառություն ունեցող ու զինվորականության մեջ մեծ հարգանք վայելող մարտական գեներալը հեռացվեց բանակից:
Բանակը նաև այսպես են քանդում` գեներալներին քաղաքականության մեջ ներքաշելով:
Մեծ խելք պետք չէր` այս պարզ ճշմարտությունը հասկանալու համար»։
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահը Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու օրենքի սահմանադրականության հարցով դիմել է ՍԴ։