Տնտեսվարողներին խորհուրդ ենք տալիս ստուգել հաշիվները․ գումար կհայտնվի, որին չէին սպասում
ՏեսանյութերԿառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 20-ի նիստում փոփոխություն կատարեց կառավարության որոշումներից մեկում, որը վերաբերում է հարկ վճարողներին գերավճարների վերադարձին:
Հարցը ներկայացրեց ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը՝ նշելով, որ որոշման նպատակն է 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ առկա գերավճարի և գերավճարից տարբերվող գումարի մնացորդը պարզեցված կարգով հարկ վճարողին վերադարձնելն է՝ առանց հարկ վճարողի դիմումի ներկայացման:
Մինչ այս գործող կարգավորումներով առկա գերավճարի կամ գերավճարից տարբերվող գումարի մնացորդը հարկ վճարողին վերադարձնելու համար, նախ, այդ գումարը հարկ վճարողի դիմումի հիման վրա փոխանցվում է վերջինիս միասնական հաշվին, որից հետո՝ միասնական հաշվում առկա գումարը հարկ վճարողին վերադարձվում է նրա կողմից հարկային մարմին ներկայացված՝ հարկային մարմնի սահմանած ձևով և կարգով լրացված դիմումի հիման վրա՝ այն ստանալուց հետո՝ 20 օրվա ընթացքում:
Ստացվում է, որ հարկ վճարողի՝ մինչև 2018 թվականի հունվարի 1-ը գործող օրենսդրության շրջանակներում առաջացած գերավճարի վերադարձման գործընթացի համար հարկ վճարողից պահանջվում է երկու անգամ հարկային մարմին ներկայացնել դիմում, որի արդյունքում անհարկի ձգձգվում է նշված գումարի վերադարձման ընթացակարգը, միաժամանակ, ավելանում է հարկ վճարողի կողմից հարկային մարմին ներկայացվող փաստաթղթերի քանակը:
Բացի այդ, խնդիր է նաև այն, որ 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ առկա՝ հարկ վճարողի գերավճարի կամ գերավճարից տարբերվող գումարների հաշվին չի մարվում վերջինիս սոցիալական վճարի գծով պարտավորությունները: Այդ պարտավորությունները 2018 թվա¬կանի հունվարի 1-ից հետո մարվում են միայն միասնական հաշվում առկա գումարների հաշվին:
ՀՀ ՊԵԿ տեղեկատվական բազայում առկա տվյալների համաձայն՝ 01․05․2021թ․ դրությամբ գերավճար ունեցող հարկ վճարողների քանակը 35935 է, իսկ գերավճարի գումարը՝ 4549․3 հազար դրամ։ Ընդ որում, գերավճար ունեցող հարկ վճարողների շուրջ 89%-ը (մոտ 32000 հարկ վճարողներ) ունեն 1 դրամից մինչև 100 հազար դրամ գերավճարներ, իսկ 35 հարկ վճարողներ ունեն 10 մլն դրամից ավելի գերավճարներ, որի ընդհանուր հանրագումարը կազմում է մոտ 1․800․0 հազար դրամ։
Նախագծի ընդունման արդյունքում2018 թվականի հունվարի1-ի դրությամբ առկա գերավճարի և գերավճարից տարբերվող գումարի մնացորդը հարկ վճարողի միասնական հաշվին կփոխանցվի առանց հարկ վճարողի դիմումի ներկայացման, և հնարավորություն կընձեռնվի այդ գումարի հաշվին մարել նաև հարկ վճարողի սոցիալական վճարի գծով պարտավորությունները:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իրենք իրենց առջեւ խխնդիր են դրել, որ պետության ունեցած պարտքերը պետք է զրոյացնեն. «Սա մեր վերջին քայլն է: Սրանով մենք ըստ էության, կառավարության պարտքերը բիզնեսի նկատմամբ զրոյացնում ենք»: