Կոնտեն «Ինտերի» գլխավոր մարզչի պաշտոնից կհեռանա 48 ժամվա ընթացքում
ՍպորտԱնտոնիո Կոնտեն 48 ժամվա ընթացքում կհեռանա «Ինտեր» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից, հայտնում է La Gazzetta dello Sport-ը:
«Ինտերը» ֆինանսական խնդիրների պատճառով նախատեսում է օպտիմալացնել ծախսերը խաղացողներ վաճառելու և աշխատավարձերը կրճատելու միջոցով, ինչը դուր չի գալիս Կոնտեին: Անցած մրցաշրջանի «Ինտերի» վերջին խաղի նախօրեին ակումբի ներկայացուցիչները հանդիպեցին Կոնտեին, որտեղ նրանք հայտարարեցին հետագա ծրագրերի մասին: Կոնտեն պնդում է, որ «Ինտերը», հատկապես եվրոպական ասպարեզում առաջխաղացումը շարունակելու համար, պետք է ուժեղացնի թիմը, ինչը ակումբը չի կարող երաշխավորել:
Եթե Կոնտեն հեռանա, «Ինտերը» մարզչի պաշտոնի համար ի նկատի կունենա «Միլանի» և «Յուվենտուսի» նախկին մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիին, «Նապոլիի» և «Յուվենտուսի» նախկին մարզիչ Մաուրիցիո Սարիին, «Ինտերի» նախկին խաղացող Սինիշա Միխայլովիչին, որը այժմ գլխավորում է «Բոլոնիան», կամ «Լացիոյի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագիին: