Վերջին տարիներին ՀՀ-ում ոչ մարտական պայմաններում զինվորների մահվան դեպքերն աճել են․ իրավապաշտպան
ՀասարակությունՀՀ Զինված ուժերում ոչ մարտական պայմաններում գրանցված մահերի ցուցանիշը վերջին տարիներին, մասնավորապես՝ այս իշխանությունների տարիներին աճել է։
Սա իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի համոզումն է։ ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում նա դժվարացավ կոնկրետ վիճակագրություն նշել, բայց փաստ է, որ միայն այս տարի, վերջին երկու շաբաթների ընթացքում, համանման պատճառով գրանցվել է 5 զինծառայողի մահ։
«Օրինակ 2020 թ․ արձանագրվել է ոչ մարտական պայմաններում 100 զինվորի մահ։ Նման ցուցանիշ դժվարանում եմ մտաբերել, թե երբ էր եղել։ Վերջին դեպքը, երբ վիրավորված զինվորին տևաբար չեն կարողացել օգնություն ցուցաբերել, ինչը դարձել է մահվան պատճառ», -նշեց Ալեքսանյանը։
Այս ամենին զուգահեռ, մեր զրուցակցի խոսքով, պետք է մատնանշել նաև այլ գործոններ, օրինակ՝ հաճախ երիտասարդները զորակոչվում են առողջական խնդիրներով, դիրքերում բացակայում են պատշաճ պայմաններ, կահավորանք և այլն։ Ինչ վերաբերում է այսպես կոչված «արյունոտ» վիճակագրության հնարավոր պատասխանատուների վարքագծին՝ իրավապաշտպանը նկատեց․
«Պատասխանատուն միանշանակ պետությունն է։ ՀՀ ՊՆ-ն, բանակը փակ համակարգ են, զորակոչվելուց հետո մարդու կյանքի իրավունքը տրվում է պետությանը, որը, ցավոք, խախտում է այն։ Նման դեպքերը բացառելու տեսակետից, կարելի է ասել ոչինչ չի արվում, վերահսկողության իսպառ բացակայություն է, որի մասին բարձրաձայնում ենք և արձանագրում պարբերաբար»։
Զրուցեց՝ Արա Ալոյանը