ՈւՂԻՂ. Սիսիանում նորընտիր ավագանին համայնքապետ է ընտրում
ՔաղաքականՍյունիքի մարզի Սիսիան խոշորացված համայնքում այսօր՝ հոկտեմբերի 12–ին, տեղի է ունենում նորընտիր ավագանու առաջին նիստը։
Օրակարգում Սիսիան համայնքի ղեկավարի ընտրության, համայնքի ղեկավարի երդման արարողության կազմակերպչական հարցերի, Սիսիան համայնքի ավագանու առաջին նստաշրջանի հերթական գումարման օրը սահմանելու, եւ նորընտիր ավագանու խմբակցություններ ստեղծելու մասին հարցերն են։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 25–ին անցկացված ՏԻՄ ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարած քաղաքական 5 ուժերից ոչ մեկին չի հաջողվել 50 տոկոսից ավելի ձայն ստանալ, ավագանու խմբակցությունները պետք է համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրեն։
«Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142.2.-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ավագանու խմբակցությունները կարող են իրենց կուսակցության (կուսակցությունների դաշինքի) թեկնածուների ցուցակի առաջին հորիզոնականում տեղ զբաղեցրած անձին առաջադրել որպես համայնքի ղեկավարի թեկնածու, իսկ եթե նա հրաժարվում է, ապա խմբակցությունը կարող է առաջադրել տվյալ կուսակցության (կուսակցությունների դաշինքի) թեկնածուների ցուցակի համապատասխանաբար հաջորդ այն անձին, որը համաձայն է առաջադրվել որպես թեկնածու: Այս դեպքում արդեն համայնքի ղեկավարն ընտրվում է բաց քվեարկության միջոցով:
Սիսիանում մանդատների ընդհանուր թիվը 21–ն է։ Մանդատները բաշխվել են հետեւյալ կերպ. «Քաղաքացիական պայմանագիրը» կստանա 8, «Աշխատանք եւ արդարությունը»՝ 5, «Ապրելու երկիրը»՝ 4, «Մեկ Հայաստան» եւ «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցությունները կստանան 2–ական մանդատ։
Իշխող «Քաղաքացիական պայմանագրին» 3 մանդատ է պակասում, որպեսզի առանց այլ ուժի հետ կոալիցիա կազմելու, իր թեկնածուին ընտրի համայնքի ղեկավար։ ՔՊ–ի՝ համայնքի ղեկավարի թեկնածուն Սիսիանի համայնքապետի պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանն է, «Աշխատանք եւ արդարություն» դաշինքի ու «Մեկ Հայաստան» կուսակցության թեկնածուն «Աշխատանք եւ արդարություն» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Հայկ Առաքելյանն է, «Ապրելու երկիր» կուսակցությունն էլ համայնքի ղեկավարի պաշտոնում առաջադրելու է ընտրական ցուցակը գլխավորող Արա Զաքարյանի թեկնածությունը։