Ջերմուկի դեպքերի ժամանակ եւս 60 քառ. կմ օկուպացրել են. առաջնագիծը փոխվել է, իրենք հարձակվել, գրավել են. Գագիկ Մելքոնյան
ՏեսանյութերԱդրբեջանը Հայաստանի տարածքից օկուպացրել էր 40 քառակուսի կմ տարածք, իսկ սեպտեմբերի 13-ին Ջերմուկի դեպքերի ժամանակ այդ տարածքները ավելացել են եւս մոտ 60 քառակուսի կմ-ով: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 25-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը՝ անդրադառնալով նրան, որ օրերս ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը հայտարարել էր, որ Ադրբեջանն օկուպացրել է Հայաստանի 127 քառակուսի կմ տարածք:
Նրա խոսքով, 127 քառակուսի կմ-ն վերաբերում է անցած տարվա մայիսից մինչ օրս տեղի ունեցած օկուպացիաներին. «Ես 7 օր առաջ եղել եմ արեւելյան սահմանին եւ տեսել եմ, որ մեր դիրքերում արդեն ինժեներական աշխատանքները համարյա 80 տոկոսով կատարված են եւ մեր զորքը գտնվում է նոր դիրքերում: Առաջնագիծը փոխվել է: Նահանջ չի եղել, իրենք հարձակվել են մեր տարածքների վրա եւ գրավել են: Այդքան զոհ ենք տվել, մինչեւ վերջ կռվել ենք»,-ասաց պատգամավորը: