Վրաստանին չհաջողվեց ՆԱՏՕ-ի անդամ դառնալ, Հայաստանին ինչպե՞ս կհաջողվի․ Թևան Պողոսյան
ՔաղաքականՆԱՏՕ-ի ընդլայնման հարցերով եվրոպական հանձնաժողովի նախագահ Գյունտեր Ֆելինգերը կոչով դիմել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին. «Կոչ եմ անում Հայաստանին դուրս գալ ձախողված ՀԱՊԿ-ից և միանալ ՆԱՏՕ-ին, Նիկո՛լ Փաշինյան: Պաշտպանե'ք Հայաստանը», - X-ի իր միկրոբլոգում գրել է Գյունտեր Ֆելինգերը։
ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում քաղաքագետ Թևան Պողոսյանն ասաց, որ այս կոչերը ոչ միայն Գյունտեր Ֆելինգերի կողմից են եղել, այլ նաև Հայաստանում էլ կան մարդիկ, որոնք նույն այդ կոչով հանդես են եկել։
«Նույնիսկ Ուկրաինան իր բոլոր վիճակների մեջ չի կարող դա անել, Հայաստանը ինչպե՞ս է դա անելու։ Եվ վերջնական որոշում կայացնելու համար պետք է լինի կոնսենսուսային վիճակ։ Թուրքիան էլ է ՆԱՏՕ-ի անդամ, որ Թուրքիան քվեարկի Հայաստանի մասնակցության համար, պետք է առնվազն դիվանագիտական հարաբերություններ հաստատել, բայց Թուրքիան իր նախայմանները Հայաստանի առջև քաշել է և դա այն է, որ Հայաստան չլինի, իսկ եթե Հայաստանը չլինի էլ ում է պետք մեր անդամակցությունը որևէ տեղ», - ասաց նա:
Մեր զրուցակցի խոսքով՝ Վրաստանին չհաջողվեց ՆԱՏՕ-ի անդամ դառնալ, Հայաստանին ինչպե՞ս պետք է հաջողվի.
«Ո՛չ կանոնակարգով, ո՛չ քաղաքական մեխանիզմներով, դա անհնարին է այսօրվա դրությամբ և ոչ մի լավ բանի Հայաստանին չի բերելու։ Այսօրվա առճակատման շրջանակներում՝ Արևմուտք և Ռուսաստան, Հայաստանը կվերանա այդ տեսակի գործընթացից։ Եվ անիմաստ է ժամանակ ծախսել, մենք ունենք մեր ազգային շահերը, որոնցով պետք է առաջնորդվենք։
Լիլիթ Զալիբեկյան